Դատախազը միջնորդեց Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանքը 3 ամսով երկարացնել


Դատախազը միջնորդեց Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանքը 3 ամսով երկարացնել
Հունիս 25 15:57 2026

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, ընթացող դատական նիստում հանրային մեղադրողը միջնորդեց երեք ամսով երկարաձգել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանքի ժամկետը։

Ըստ դատախազի, առկա է և շարունակում է  պահպանվել  գործի քննությանը խոչընդոտելու հանգամանքը։

Փաստաբան Ռոման Երիցյան նշեց, որ գործով անցող որևէ անձի՝ մեղադրյալից կախվածության մեջ չգտնվելու հանգամանքը, նրանց վրա  անօրինական ազդեցություն գործադրելու գործոնը բացակայում է։ Նա նաև նշեց, որ Կանդազը բռնի տեղահանված անձ է, գտնում է սոցիալական խոցելի վիճակում, չպետք է մնա տնային կալանքում։ Պաշտպանը միջնորդեց մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց չկիրառել, կամ կիրառելու պարագայում ավելի մեղմ, օրինակ, բացակայելու արգելք։

Արթուր Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2 դեպքով տվել է ընտրակաշառք: Մեղադրական եզրակացության համաձայն. ««Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» ՀՀ Նախագահի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտած թիվ ՆՀ-21-Ն հրամանագրով 2026 թվականի հունիսի 7-ին նշանակվել է Ազգային ժողովի հերթական ընտրություն:

Արթուր Նիկոլայի Ավանեսյանը, հանդիսանալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը մասնակցելու և «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով թիվ 8 ընտրատեղամասում ընտրողների ցուցակում ընդգրկված՝ ՀՀ քաղաքացի Արթուր Իսկանդարյանին, վարույթով դեռևս չպարզված ժամանակ անձամբ առաջարկել է առավելություն, այն է՝ ընտրություններում հաղթելու դեպքում վերջինիս ՀՀ Զինված ուժերում խոստացել է պաշտոն, որպիսի առաջարկը և խոստումը Արթուր Ավանեսյանը վերահաստատել է 2026 թվականի մարտի 18-ին՝ ժամը 20:37-ի սահմաններում, Արթուր Իսկանդարյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
Վերոգրյալ գործողություններով Արթուր Ավանեսյանն Արթուր Իսկանդարյանին առաջարկել և խոստացել է ընտրակաշառք, ինչն ընդունվել է վերջինիս կողմից:

Բացի այդ, Արթուր Ավանեսյանը, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը ընտանիքի անդամների հետ մասնակցելու և «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, 2026 թվականի մարտի 18-ին՝ ժամը 21:03-ի սահմաններում, թիվ 27 ընտրատեղամասում ընտրողների ցուցակում ընդգրկված՝ ՀՀ քաղաքացի Գեղամ Զաքարյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, վերջինիս առաջարկել է գույք և այլ առավելություն, այն է՝ Գեղամ Զաքարյանին խոստացել է ապահովել աշխատանքով, տրամադրել հողամաս և տուն»։