Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը «նամակ է գրել ռուս նախարարին»


Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը «նամակ է գրել ռուս նախարարին»
Հունիս 25 11:21 2026

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը հերքել է «Հրապարակ» օրաթերթի տարածած լուրը, թե իբր նախարար Գևորգ Պապոյանը «նամակ է գրել Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարար  Անտոն Ալիխանովին և խնդրել իրեն հնարավորություն տալ մասնակցել հուլիսի 6-7-ը Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին»։ 

 

Շաբոյանը գրել է.

 

«Այսօր մամուլում իրականությանը չհամապատասխանող հերթական տեղեկությունն է տարածվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի վերաբերյալ։ Մասնավորապես՝ նրա առաջիկա գործուղման մասին:

 

Վերջերս, Նախարար Գևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու հուլիսին Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին:

 

Սա է միակ փաստը: Հրապարակման մյուս հատվածները հեղինակի կողմից ներկայացված ենթադրություններն ու գնահատականներ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը։

 

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակվում են կառուցվել փոխադարձ հարգանքի և կառուցողական երկխոսության սկզբունքների հիման վրա։ Այդ հարաբերությունների շրջանակում տարբեր մակարդակներում շփումներն ու հանդիպումները եղել են և շարունակում են մնալ աշխատանքային գործընթացի մաս։

 

Հ.Գ. Ուստի հորդորում եմ անձնական ցանկությունները չներկայացնել որպես փաստ և չմոլորեցնել հանրությանը»։