Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ


Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ
Հունիս 25 10:38 2026

Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ, այս մասին հայտարարել են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունից։

«Երեք օր է՝ Երևանի քաղաքապետրարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է 2022 թ. այդտեղ քաղաքացիների կողմից տեղադրված Արցախի դրոշը:

ՀՅԴ ՀԵՄ անդամները բոլոր դեպքերում անմիջապես վերականգնել են դրոշը:

Երեկ երեկոյան երրորդ անգամ դրոշը հեռացնելուց հետո այն վերականգնելու փորձի ժամանակ ապօրինի բերման են ենթարկվել ՀՅԴ ՀԵՄ երկու անդամներ:

Արձանագրենք, որ Հայաստանում ստեղծվել է իրականություն, որտեղ Արցախի դրոշը ծածանելու համար հայ երիտասարդները բերման են ենթարկվում։

Սա պարզապես հերթական միջադեպ չէ․ սա հերթական հարձակումն է մեր խորհրդանիշերի վրա:

Արցախի դրոշի դեմ պայքարը, իրականում, պայքար է հայկական հիշողության, պատմության և արժեքների դեմ և լավագույնս բացահայտում է գործող իշխանության ապազգային բնութագիրը։

Որքան էլ փորձեն ջնջել ազգային հիշողությունը, այն հայրենիքը, որը մենք կերտելու ենք մեր պայքարի արդյունքում, հիմնված կլինի մեր արժեքների և պատմական ճշմարտության վրա։

Եվ այդ հայրենիքում Արցախի դրոշը միշտ կունենա իր արժանի ու անփոխարինելի տեղը՝ որպես պայքարի, հիշողության և ազգային արժանապատվության խորհրդանիշ»,- ասվում է հայտարարությունում։