Անհատական գանգատներ ամեն օր ներկայացվում են, այսօր էլ, այսինքն՝ մենք ընդհանրապես կապ չունենք միջպետական վարույթների հետ: Միջպետական գանգատ-դիմումները Հայաստանը հետ կվերցնի, թե ոչ, չեմ ասում մեզ չի հետաքրքրում, բայց ընդհանրապես չի առնչվում մեզ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ խոսելով Բաքվի դեմ ներկայացվող գանգատ-դիմումների մասին:
Նա նշել է, որ մեծ թվով անհատական գանգատներ ներկայացվում են, շարունակելու են ներկայացվել և դրանք պետք է լուծում ստանան:
«Արցախցիների թողած գույքի հարցով, գրեթե ամեն օր աշխատանքներ են տարվում։ Այսինքն՝ եթե ձեր մտահոգությունն այն է, որ պետությունը հետ կվերցնի գանգատները, ուրեմն՝ քանի դեռ չկա երկու պետությունների միջև ոչ թե ասեմ խաղաղության պայմանագիր, այլ նման գործերը հետաքննելու կամ նման դեպքերը կանխարգելելու իրավական մեխանիզմներ՝ միջազգային ատյանների դռները մեզ համար բաց են, իսկ նման արարքներով վաղեմության ժամկետներ չկան»,-նշել է նա։
Հարցին՝ եթե պետությունը ներգրավված չէ, անհատական գանգատների մասով պե՞տք է սպասել դրական ելքի, Արա Ղազարյանը պատասխանել է.
«Այն գործերը, որոնք ներկայացված են արդեն, այո՛: Այն գործերը, որոնք այսօր ներկայացվում են, այստեղ կրկին պետությունը ներգրավված չէ որպես կողմ, իսկ պետությունը, եթե հրաժարվի միջպետական գանգատներից, այդ անձինք կարող են շարունակել անհատական գանգատ ներկայացնել, ուղղակի այստեղ մեծ ռեսուրս է պետք, որ այդ ամբողջ բեռը սպասարկվի»,-պարզաբանել է իրավաբանը:










