Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը, այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՍԴ արտաքին կապերի բաժնից։
«Սեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի միջնորդությունը քննության առարկա չի դարձել, քանի որ դատավորներից որևէ մեկը այդ հարցը չի բարձրացրել»,- նշեցին ՍԴ-ից։
«Սահմանադրական դատարանի մասին օրենքի» 16-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորներից յուրաքանչյուրը, միայն այդ դեպքում է քննվում հարցը, ինչը տեղի էր ունեցել դատավորներ Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի դեպքում։
Այսպիսով, Սաֆարյանը կմասնակցի ուրբաթ օրը կայանալիք ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը։
Նշենք, որ ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը ՍԴ-ից չեն մասնակցի դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը։ Ըստ ՍԴ-ի՝ Վարդանյանի և Զեյնալյանի մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն դատավարության կողմերի նկատմամբ:
Վլադիմիր Վարդանյանը Սահմանադրական դատարան է տեղափոխվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, իսկ Արտակ Զեյնալյանը, մինչև դատավոր ընտրվելը, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ էր:
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումներով գործերը միավորվել են և քննվելու են նույն նիստում։
Նիստը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը, միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով։










