Գերմանական «Berliner Zeitung» պարբերականում հրապարակված իր հեղինակային հոդվածում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը հիմնավոր կասկածի տակ է դնում 2026թ. հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
«Պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը, քանի որ ընտրական գործընթացն անցել է համակարգային ճնշումների և անհավասար պայմանների ներքո։
Հոդվածի առանցքային կետերն են.
Վախի մթնոլորտ և քաղաքական հետապնդումներ. Քվեարկությունից ամիսներ առաջ հարյուրավոր ընդդիմադիրների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, իսկ կուսակցական տասնյակ անդամներ, ակտիվիստներ ու շտաբների համակարգողներ ձերբակալվել են հենց ընտրությունների նախաշեմին։ Այս ամենը, որն ուղղորդվել է նաև ապօրինի խուզարկություններով և այլ գործողություններով, սաստկացել է ընտրություններին նախորդող օրերին և ընտրության օրը։ Սա քաղաքացիների մեջ սերմանել է համոզմունք, որ ընդդիմադիր լինելը հղի է անձնական ռիսկերով։
Առաջնորդի մեկուսացում. «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, ապօրինի անազատության մեջ լինելու պատճառով, զրկված է եղել ընտրարշավին մասնակցելու և ընտրողների հետ շփվելու հնարավորությունից, ինչը կոպտորեն խախտել է մրցակցային հավասարությունը։
Վարչական ռեսուրս և մանիպուլյացիաներ. Իշխանությունները չարաշահել են պետական ապարատը՝ օգտագործելով գաղտնալսված հեռախոսազրույցների կտրտված և մոնտաժված հատվածներ ընդդիմությանը վարկաբեկելու համար։ Մասնավորապես, պետական և համայնքային հիմնարկների աշխատակիցները ուղղակիորեն ներգրավվել են քաղաքական գործընթացներում։ Բացի այդ, կառավարությունը հենց ընտրությունների նախաշեմին իրականացրել է սոցիալական և ֆինանսական աջակցության ծրագրեր, որոնք ընտրողների կողմից ընկալվել են որպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ուղղված քարոզչական աջակցություն: Մեդիա դաշտում տիրել է ակնհայտ անհավասարություն, իսկ պետական միջոցները ծառայեցվել են իշխող ուժի քարոզչությանը։
Խախտումներ քվեարկության օրը. Արձանագրվել են իրավապահների և վարչական մարմինների կողմից անօրինական միջամտության դեպքեր և զինվորների կողմից արդեն իսկ լրացված քվեաթերթիկների կիրառում։ Երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները չեղարկվել են և վերաքվեարկություն չի նշանակվել, ինչի պատճառով մեկ այլ ընդդիմադիր ուժի չի բավականացրել ընդամենը 0,002%՝ խորհրդարան անցնելու համար։
Օբյեկտիվություն. Բանն այն է, որ առանց վարչական ճնշումների, պետական ինստիտուտների միջամտության և անհավասար մրցակցային պայմանների, քաղաքական ուժերի հարաբերակցությունը լիովին այլ պատկեր կունենար։ Պաշտոնական թվերը պարզապես չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքն ու ուժերի փաստացի դասավորվածությունը:
Հեղինակի խոսքով` ժողովրդավարությունը միայն քվեատուփը չէ, այլ առաջին հերթին հավասար հնարավորություններն ու ինստիտուցիոնալ չեզոքությունը, որոնք այս ընտրություններում լրջորեն վնասվել են։
«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում»,-նշված է հոդվածում։










