Եթե համարձակություն ունեք, պաշտոնապես հայտարարեք, որ ադրբեջանցի պաշտոնյաները ստում են. Ա. Միրզոյանը՝ իշխանություններին


Եթե համարձակություն ունեք, պաշտոնապես հայտարարեք, որ ադրբեջանցի պաշտոնյաները ստում են. Ա. Միրզոյանը՝ իշխանություններին
Հունիս 23 19:19 2026

«Հենց այսպես է պատկերացնում Փաշինյանը մեր անվտանգությունը։ Տեսա՞ք չէ ադրբեջանական դրոշները ցցված մեր տարածքում։ Սա Փաշինյանի վարած քաղաքականության հետևանք է, և Փաշինյանն է բացել Սյունիքի դարպասները»,- նշում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Անուշ Միրզոյանը։

Նա ընդգծում է՝ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով է ստեղծվել անվտանգության այն իրավիճակը, որը քաղաքացիները տեսնում են այսօր։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հարցադրումներին՝ կապված 300 հազար ադրբեջանցիների մասին հնչող ահազանգերի հետ, Միրզոյանը ասում է. «Փոքրիկ խմբակի անդամները, որոնց օրոք թշնամին մտել է մեր տարածք, տնավորվել, հիմա տեսանյութեր են նկարում, հարցադրումներ անում՝ թե բա ու՞ր են 300000 ադրբեջանցիները, որի մասին մենք ահազանգում ենք։ Նախ մինչև այս հարցին անդրադառնալը հարց ես ունեմ՝ այդ ձեր իշխանությունը չէր, որ ադրբեջանցիներին բերեց տեղցիների, արավուսցիների, խնածախցիների քթի տակ»։

Նրա խոսքով՝ հենց գործող իշխանության օրոք են տեղի ունեցել մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Շուռնուխում տների հանձնումը և ադրբեջանական դրոշների հայտնվելը հայկական տների վրա։

«Ձեր իշխանության օրոք չէ՞ր, որ հանձնվեց Շուռնուխի տասից ավելի տուն ու հայերի տների վրա մխվեցին ադրբեջանական դրոշներ, այդ ձեր իշխանությունը չէ՞ր, որ ադրբեջանցիներին բերեց Սև լիճ, այդ ձեր բերած ադրբեջանցիները չե՞ն, որ դիտարկում են Հանդի գերեզմանատունը, Կապանի օդանավակայանից Կապանը»։

Միրզոյանը նաև պնդում է, որ իշխանությունները «ապահովել են ադրբեջանցիների ներկայությունը» և զգուշացրել հնարավոր հետագա զարգացումների մասին։

«Դուք՝ ՔՊ-ականնե´ր, ապահովել եք ադրբեջանցիների ներկայությունը։ Հիմա ասում եք՝ ու՞ր են մեր ասած 300000 ադրբեջանցիները։ Այդ ադրբեջանցիները շուտով ձեր խաղաղության դիմաց կպահանջեն վերադարձ՝ որպես մարդասիրական քայլ, հետո այդպես արդեն ադրբեջանական դպրոց, մզկիթներ կպահանջեն։ Ասեմ՝ փուլ առ փուլ գալու են ու ներսից փոխելու են մեր իրականությունը»։

Նա նաև անդրադառնում է ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններին՝ նշելով. «Ընտրություններից հետո, ի դեպ, առաջին եկողը Հաջիևն էր, և ընդհանրապես, եթե համարձակություն ունեք, պաշտոնապես, հանրային կերպով հայտարարեք, որ ադրբեջանցի պաշտոնյաները ստում են»։