Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ եւ դասական իմաստով, այս մասին հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշել է, որ 2018-ի մայիսից ՀՀԿ-ն դիրքավորվել է որպես ընդդիմադիր ուժ ու այս տարիների ընթացքում, ըստ Շարմազանովի, Հանրապետական կուսակցությունը սկզբում միայնակ, իսկ հետագայում ընդդիմադիր գործընկերների հետ վեր է հանել նիկոլական ռեժիմի հակապետական քաղաքականության բնույթը։
«Չնայած անհավանական ճնշումներին՝ ՀՀԿ-ն միշտ եղել է պայքարի առաջնագծում՝ հավատարիմ մնալով ՀՀ Անկախության հռչակագրի իդեալներին։
Դրան ի պատասխան՝ ՀՀԿ գործիչները ենթարկվել ու ենթարկվում են քաղաքական բռնաճնշումների։
Այսօր էլ այդ բռնաճնշումները ՀՀԿ-ի նկատմամբ շարունակվում են ու դրա վառ վկայությունը Արմեն Աշոտյանի դեմ հարուցված հերթական «գործն» է, որի հետեւանքով ՀՀԿ փոխնախագահը կալանքի տակ է։
Բայց Արմենն ամուր է ու անսասան, նա նույնիսկ կալանավայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար։
Արմենը ոչ թե ժամի, այլ ժամանակի հրամայականով է առաջնորդվում։
Ինչպես կասեր Նժդեհը՝ երբեմն ժամն աշխատում է եւ վատերի համար, իսկ ժամանակը՝ բացառաբար արժանավորի։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- ընդգծել է Շարմազանովը։










