Կլինի՞ չերդվեք. կյանքը ցույց է տալիս, որ ձեր երդումներից հետո մեր ժողովուրդը միայն կորուստ, ավեր ու ձախողում է ունեցել. Զաքարյան


Կլինի՞ չերդվեք. կյանքը ցույց է տալիս, որ ձեր երդումներից հետո մեր ժողովուրդը միայն կորուստ, ավեր ու ձախողում է ունեցել. Զաքարյան
Հունիս 23 14:10 2026

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է.

«Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում:

2021թ.-ին Նիկոլի ձևավորված աղետաբեր կառավարությունն իբրև թե երդվել էր «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման...»

(ըստ օրենքում ամրագրված տեքստի):

Արտաքին տերերի թելադրանքով մեր համազգային նպատակները ձախողելուց, ոտնահարելուց և դավադիր քաղաքականության արդյունքում թշնամուն հանձնելուց հետո, հիմա էլ որոշել են ուրիշ բանի համար երդվել:

2021թ. կառավարությունը երդվում էր, որ Արցախը հայկական պետք է լիներ, նրա ինքնորոշման իրավունքն ու կարգավիճակը ԵԱՀԿ քննարկման հարցեր պետք է լինեին, որ արցախցին Արցախում պետք է ապրեր...

(Կառավարության գործունեության 2021-26թթ. ծրագիր):

Դրժե՞լ են արդյոք երդումը․ թող իրենք ասեն:

2021թ․ նրանց երդումը ենթադրում էր նաև, որ պետք է հարգվեր ՀՀ Սահմանադրությամբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը: Նրա միաբանության ու ինքնավարության դեմ պետական մակարդակով արշավանքներ չպետք է արվեին:

Դրժե՞լ են արդյոք երդումը․ թող իրենք ասեն:

2021թ․ նրանց երդումը ենթադրում էր, որ Հայաստանի և Սփյուռքի միջև գործակցությունը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգերը, հավասարակշռված արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը պետք է առաջնահերթություններ լինեին (Կառավարության գործունեության 2021-26թթ. ծրագիր):

Հանուն համազգային նպատակների և հզոր Հայաստանի երդում տված կառավարությունն այսօր հրաժարվել է համազգային նպատակներից: Հայրենիքի հզորացման համար երդում տված կառավարությունն անգամ «հայրենիք» բառի ընկալումից է սկսել վախենալ՝ այն փոխարինելով «իրական Հայաստանով»:

Այժմ որոշել են փոխել տեքստը: Ու երդումը դրժածները նոր տեքստով երդում են պատրաստվում տալ: Էլ չեն ուզում երդվել հանուն համազգային նպատակների, որովհետև դրանք գրեթե ոչնչացրել են:

Հիմա ցանկանում են երդվել «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման...», ինչպես նաև երդվելու են «...գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»:

Աստծո սիրուն, կլինի՞ չերդվեք: Կյանքը ցույց է տալիս, որ ձեր երդումներից հետո մեր ժողովուրդը միայն կորուստ, ավեր ու ձախողում է ունեցել»: