ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատունը շահագործող «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
««Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել»,- գրել է Պապոյանը՝ կից հրապարակելով համապատասխան փաստաթուղթը։
Ըստ հրապարակված փաստաթղթի՝ հիմք է ընդունվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2026 թվականի հունիսի 8-ի միջնորդությունը և հունիսի 3-ին կազմված ստուգման ակտը։
«Ընկերության կողմից 2026 թվականի մարտ ամսվա համար վերահսկող մարմին ներկայացված ֆինանսական հոսքերի մասին հաշվետվության մեջ ներառված տվյալների և ստուգման շրջանակում ձեռք բերված խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների միջև առկա անհամապատասխանությունները որակվել են որպես խեղաթյուրված և կեղծ տվյալներ»,- ասված է հրամանի հիմնավորման մեջ։
Այս հրամանը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` այն ուժի մեջ մտնելու օրվանից` հունիսի 23-ից, երկամսյա ժամկետում:











