ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»


ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»
Հունիս 20 09:01 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) շուրջ ընթացող գործընթացը փետրվարի 25-ից փաստացի կասեցված է եղել՝ մայիսի 25-ից մինչև համապատասխան դատական որոշման կայացումը։

 

Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ առաջիկա շաբաթներին՝ կառավարական նիստերից մեկի ընթացքում, նախատեսվում է ընդունել որոշում, որով ՀԷՑ-ը, որպես մասնավոր ընկերություն, գործադիրի որոշմամբ կճանաչվի հանրային գերակա շահ։ Դրանից հետո արդեն գործադիր իշխանությունը կանցնի հաջորդ փուլին։

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանրային գերակա շահ ճանաչելուց հետո վարչապետի աշխատակազմը կմշակի գնահատման հատուկ մեխանիզմ, որի իրականացումը, ըստ մեր զրուցակիցների, կարող է տևել շուրջ 3-4 ամիս։ Գործընթացում ներգրավվելու է Հայաստանի ռեզիդենտ, լիցենզավորված գնահատող, բայց իմիջով անկախ ընկերություն, որը պետք է իրականացնի ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատումը։

 

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գնահատման արդյունքում ձևավորված շուկայական արժեքին կավելացվի ևս 15 տոկոս, և այդ վերջնական առաջարկը կներկայացվի ՀԷՑ-ի սեփականատիրոջը։ Ըստ գործող սցենարի՝ հենց սեփականատերն է վերջնական որոշում կայացնելու՝ վաճառե՞լ ընկերությունը կառավարությանը, թե՞ ոչ։ Բայց չվաճառելու դեպքում, միևնույն է, հանրային գերակա շահի հիմքով Սամվել Կարապետյանի ձեռքից Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կվերցնի ՀԷՑ-ը։