Հարցերի հարցն է՝ արդյոք Միքայել Սրբազանի խոսքը կոչ է. Պաշտպան


Հարցերի հարցն է՝ արդյոք Միքայել Սրբազանի խոսքը կոչ է. Պաշտպան
Հունիս 17 16:48 2026

«Հարցերի հարցն է՝ արդյոք Միքայել Սրբազանի խոսքը կոչ է։ Շատ պարզ է, եթե կոչ է, ապա արդյոք քրեորեն հետապնդելի կոչ է»Վերաքննիչ քրեական դատարանում  (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան) հայտարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Արա Զոհրաբյանը։

Նա մեջբերումներ արեց ՍԴ 2008 թ. N-766 որոշումից, ըստ որի՝ կոչը պետք է ուղղված լինի ապագային, կոչի մեջ որոշակի գործողություններ լինեն, պարունակի բռնության կամ դրա գործադրման իրական սպառնալիք՝ գործողություն պլանավորելու, կազմակերպելու, նախապատրաստելու կամ իրականացնելու  նպատակով։

«Սրբազանը չի ասում՝ գնում ենք կառավարության շենքը գրավել,  դա կոնկրետ ուղղված կլիներ ապագային, կոչի մեջ կլիներ գործողություն, լսողը կհասկանար՝ ինչ են իրենից ակնկալում։ Բայց Սրբազանը խոսում է  անցյալի մասին, պատմում է, թե անցյալում ինչ է ասել։ Ակնհայտ է,  որ դրա մեջ ապագային միտված որևէ բան չկա։

Ակնհայտ է, որ Միքայել Սրբազանի խոսքի մեջ կոչ չի եղել», ասաց Ա. Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2025 թ. հունիսի 28-ին  կալանավորվել էր երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել էր։ Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Դատարանը մեղավոր է ճանաչել Միքայել Սրբազանին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում։  Նա 2025 թ. հոկտեմբերի 3-ին դատարանի որոշմամբ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։ 2026 թ. դատարանի փետրվարի 6-ի որոշմամբ Միքայել Սրբազանի կալանքը վերացվել էր, նրա նկատմամբ կիրառված է տնային կալանք։