Ժամը 2-ին պետք է «Օրրան» գային. գետն ընկած աղջիկների քույրն ու եղբայրն են նկատել նրանց բացակայությունը. «Օրրան» ՀԿ–ի կրթական ծրագրերի համակարգող


Ժամը 2-ին պետք է «Օրրան» գային. գետն ընկած աղջիկների քույրն ու եղբայրն են նկատել նրանց բացակայությունը. «Օրրան» ՀԿ–ի կրթական ծրագրերի համակարգող
Հունիս 16 16:54 2026

Ժամը 2-ին պետք է Օրրան գային. գետն ընկած աղջիկների քույրն ու եղբայրն են նկատել նրանց բացակայությունը: Այս մասին «Օրրան» ՀԿ–ի կրթական ծրագրերի համակարգողը պատմել է NEWS.am-ին:

 

Լոռու մարզում կորած երկու երեխաները «Օրրան» հաճախում են 2024 թվականի հոկտեմբերից, ընտանիքը ապրում է մայրիկի հետ. բոլոր 5 երեխաներն էլ հաճախում են «Օրրան»։ Ասել է «Օրրան» ՀԿ–ի կրթական ծրագրերի համակարգող Անի Սաֆարյանը՝ անդրադառնալով երեկ՝ հունիսի 15–ին, ենթադրաբար Փամբակ գետն ընկած 13 և 7 տարեկան քույրերի մասին։

«Քանի որ երեխաները տարբեր ժամերի են դասերն ավարտում, սովորաբար երեխեքը հավաքվում էին դասերի ժամանակ ու իրար հետ միասին էին գալիս, բայց քանի որ հիմա ամառային արձակուրդներ են ու երեխաները տնից են եկել, 7 և 13 տարեկան աղջիկները տանից դուրս են եկել 13.30–ի սահմաններում, որպեսզի ժամը 14–ին լինեն «Օրրանում», որովհետև այդ ժամից է սկսվում իրենց այցը։ Իսկ մյուս քույրը, եղբոր հետ սպասել են, որ փոքր քույրիկին ժամը երեքին մանկապարտեզից վերցնեն, նոր գան «Օրրան»։

 

Երբ  քույրիկը մանկապարտեզից եղբոր հետ եկել են, տեսնում են, որ քույրիկներից երկուսն չեն գրանցվել, այսինքն չեն մուտք գործել «Օրրան»։ Տեղյակ են պահում մանկավարժին, մանկավարժը ընդունարանի աշխատակցին, կապվում ենք ծնողի հետ, ծնողը ասում է, որ ինձ մոտ էլ չեն։

Քանի որ իրենք Արթիկից են տեղափոխվել, շատ քիչ ծանոթներ ունեն, մենք փորձում ենք ծանոթներից, ընկերներից պարզել, թե որտեղ են երեխաները։ Այդ ժամանակ զուգահեռ ինֆորմացիա է տարածվում սոցցանցերում, որ ինչ-որ երեխայի նկատել են, որ մոտավոր 15 տարեկան՝ գետն է ընկել ու այդ մարդկանց տունը գտնվում է գետի մոտ։ Իսկ  իրենք այդ գետի կողքով են գալիս հասնում «Օրրան»։

Մենք վերցրել ենք «Օրրանից» մեծ քրոջը, զանգահարել ենք ծնողին, աշխատավայրից վերցրել ենք ծնողին։ Հետագծով, որտեղով «Օրրան» են գալիս, գնացել ենք, տեսել ենք այնտեղ չեն։ Ծնողի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն ու ոստիկանություն ենք դիմել, որ հայտնենք, որ երեխաները չկան»,–պատմեց նա։

Դիտարկմանը, որ կա վարկած, որ խողովակի վրայով են անցնելիս եղել գետը, այդտեղից են ընկել, Անի Սաֆարյանն ասաց. «Այդտեղ կամուրջ կա, հետո մի 500 մետր ներքև խողովակն է։ Իրենք հիմնականում «Օրրան» գալիս են կամուրջով, ասում են՝ ավելի մոնտիկ է խողովակով, ու ավելի արագ են հասնում։

Անի Սաֆարյանը հավելեց, որ երբ իրենք հասել են գետի մոտ, արդեն փրկարարներն ու ոստիկանները տեղում էին. «Իրենք փնտրում էին բնակչի նկատած մոտավոր 15 տարեկան աղջկան։ Բնակիչը նկատել էր, որ այդ խողովակի վրայից ընկել է ջուրը։ Քանի որ տեղյակ չէին այդ երկու երեխայի մասին ու դեպքերը համընկավ, հարկ համարեցինք, որ մենք էլ ոստիկանությանը դիմենք ու այդ դեպքում պարզվեց, որ արդեն ոչ թե մեկն է, այլ երկուսը»։ Անի Սաֆարյանը հստակեցրեց, որ կորած երեխաներն են 13 տարեկան Նարինե Մարտիրոսյանը և 7 տարեկան Նարե Մարտիրոսյանը։ Ընտանիքում 5 երեխաներ են՝ 4 աղջիկ, 1 տղա։ Մեծ աղջիկը 15 տարեկան է, տղան՝ մոտ 9 տարեկան, իսկ փոքր քույրը մանկապարտեզ է հաճախում։