Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր-2» թաղամասի բնակիչները խնդրի առջև են կանգնել. օրեր առաջ են շինարարներ եկել ու իրենց թաղամաս տանող ճանապարհը բարեկարգել, բայց անձրևից հետո ասֆալտ չկա, նույն փոսերն են: Թաղամասի բնակիչներն ասում են՝ գործն անորակ են արել:
«Ընտրություններից առաջ քերած ասֆալտը բերել են, լցրել առանց ձյութի, ձյութ պիտի լինի, որ ասֆալտը պահի, բայց չկա: Ասել են՝ ընտրություններից հետո կգանք, կանենք, բայց դե, բնականաբար, չեն գալու»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ինքն է անընդհատ զանգել թե՛ քաղաքապետարան, թե՛ թաղապետարան, խնդրել, որ ճանապարհը բարեկարգեն: Ռուբեն Հարությունյանի ահազանգից հետո ճանապարհների բարեկարգման համար նախատեսված շինանյութի մի մասը հիմա փողոցում է կուտակված, բայց ե՞րբ փոսերը կլցվեն՝ ոչ ոք տեղյակ չէ:
Խնդրի մասին, սակայն, նոր չէ, որ «Ձոր-2» թաղամասի բնակիչները բարձրաձայնում են: Դեռ 2021 թվականից թակում են պատկան մարմինների դռները, երբ պատասխան չեն ստացել, ստիպված են եղել սեփական միջոցներով փողոցները կարգի բերել: Նրանք դժգոհում են, որ իրենց թաղամասում անգամ ձմռանը ձյուն մաքրող մեքենա չի մտնում:
Մինչ Տիգրան Ավինյանի խոսքը գործ կդառնա, այստեղ հավաքված քաղաքացիները նեղսրտում են, որ ամռան շոգին անգամ պատուհանները չեն կարողանում բացել, քանդված ճանապարհի փոշին խեղդում է, ավտոմեքենա ունեցողներն էլ չեն կարողանում վարել, մեքենան շարքից դուրս է գալիս փոսերի պատճառով։
Այստեղ ոչ միայն ճանապարհների հարցը լուծված չէ, այլև՝ ջրի. հաճախ են ջրագծերը վնասվում, ու ջուրը հեղեղում է փողոցները:
Չնայած տարիներով կուտակված խնդիրներին՝ «Ձոր-2»-ի բնակիչները հույս ունեն, որ մի օր իրենց թաղամասն էլ կբարեկարգվի:
Մանրամասները՝ տեսանյութում










