Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, հետաձգեց Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։Ավելի վաղ Սամվել Կարապետյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու։ Պաշտպան Արշակ Վարդանյանը միջնորդությամբ հիշեցրել էր, որ «Ստրոյպրոյեկտ» ընկերության դրվագով հետապնդումը հարուցվել է 2025 թ. օգոստոսին, որոնցով խափանման միջոցների վերաբերյալ միջնորդությունները դատարանները մերժել են՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։ Դրանից հետո որևէ նոր փաստական տվյալ ձեռք չի բերվել , ավելին, կանխատեսելի կլիներ, որ դեռ նախաքննության փուլում քննիչը դադարեցներ քրեական հետապնդումը։ Համանման իրավիճակ էր նաև կոչի դրվագով։ Պաշտպան Արամ Վարդևանյանը հիշատակել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանի որոշումներում զետեղված դիրքորոշումները և, թեև այդ դատական ակտերը մտել են օրինական ուժի մեջ, այդուհանդերձ, դրանք չեն կատարվել։
Այլ խոսքով՝ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, եթե առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հերքվել են հանգամանքները, առկա է «արդարացում»։ Այս դեպքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով, ավելին, Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ արձանագրվել էր հիմնավոր կասկածի բացակայությունը։ Հանրային մեղադրողն առարկեց միջնորդության դեմ՝ պատճառաբանելով, թե այս դեպքում խոսքը դատավճռի մասին չէր, այդ դեպքում դա կլիներ հնարավոր։
Պաշտպան Ռուբեն Հակոբյանն այդ դիտարկմանը հեգնանքով արձագանքեց, հիշեցրեց՝ խոսքը ոչ միայն դատավճռի, այլև այլ դատական ակտերի մասին է խոսքը, հակառակ դեպքում՝ օրենսգրքում կնշվեր՝«բացառությամբ դատավճռի և … դատավճռի կամ բացառությամբ Սամվել Կարապետյանի գործով կայացված դատական ակտերի»։ Արշակ Վարդանյանը պնդեց «Ստրոյպրոեկտի» մասով հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։
Պաշտպանները նկատեցին՝ որևէ այլ գործով առկա չէ իրավիճակ, որ Վճռաբեկ դատարանը հաստատի հիմնավոր կասկածի բացակայություն, ինչը հազվադեպ է վերջին մի քանի տարվա համար։
Դատարանը հետաձգ՚եց միջնորդությունը։
Հիշեցնենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2025 թ. հունիսի 18-ին։ Նա նախ արգելանքի է վերցվել ի պաշտպանություն ՀԱՍԵ հայտարարության համար, ինչն իրավապահները դիտարկել են որպես իշխանության զավթման կոչ։ Ընդ որում, այդ ողջ գործընթացն, այդ թվում՝ Կարապետյանի տան խուզարկությունները, ձերբակալությունն, ուղեկցվել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով։
Հետագայում Կարապետյանի մեղադրանքը լրացվել է, ավելացվել է նաև տնտեսական բնույթի մեղադրանք՝ իբրև փողերի լվացման վերաբերյալ, որով, սակայն, դատարանը հաստատված չի համարել հիմնավոր կասկածը։ Հետագայում իրավապահները որոշել են ևս մեկ դրվագ ավելացնել՝ փողերի լվացման վերաբերյալ։ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։
Այժմ գործից մաս է անջատվել և ուղարկվել դատարան՝ ըստ էության քննության։ Դատարանում քննվող վարույթով մեղադրյալի կարգավիճակում են նաև Վլադիմիր Թարջումանյանը և Անդրանիկ Խաչատրյանը։
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը։










