«Երևանի քաղաքապետարանը ստեղծել է հատուկ հիմնարկ՝ Երևանի երթևեկության կառավարման կենտրոն, որին տրվել է համապատասխան մասնագիտական կազմ»,- ԱԺ-ում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով Երևանում խցանումների վերաբերյալ։
Ըստ նրա, այդ կենտրոնը նպատակաուղղված է թվային լուծումների ներդրման և վերլուծության համար։
«Շատ ուրախ եմ, որ այս հիմնարկը արդեն իսկ սկսել է կոնկրետ արդյունքներ տալ։ Այս պահի դրությամբ իրականացնում է, մրցութային փուլում է գտնվում, պիլոտային ծրագիր, որով Երևանի մուտքերում ավտոմեքենաների հոսքի չափումներ է իրականացնելու։ Այս բոլոր հաշվարկների հիման վրա մեզ այս տարվա ընթացքում տալու է փոփոխությունների ծրագիր, թե ինչ պետք է տեղի ունեա»,- ասաց Ավինյանը։
Ըստ նրա, Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է, որը բերել է մարդատար ավտոմեքենաների քանակի ահռելի աճի:
«Մենք որքան էլ ավելացնենք հանրային տրանսպորտը, այն իր ժամանակացույցով չի կարող աշխատել, եթե չունենանք սահմանափակում մարդատար ավտոմեքենաների համար։
Մարդատար ավտոմեքենաների համար վստահորեն պետք է մտցվեն որոշակի սահմանափակումներ, և դրանք փոխարինվեն հանրային տրանսպորտի առանձնացված ամբողջական ուղեգծերով»,- ասաց Ավինյանը։
Ըստ նրա, այս պիլոտի արդյունքում ունենալու են հստակ թվեր, թե քանի ավտոմեքենա է մուտք գործում Երևան, ինչ չափի կայանման տեղեր պետք է ստեղծվեն մուտքերի մոտ, որ հատվածներում ինչ կայանման տեղեր պետք է ստեղծվեն և ինչ տեսակի սահմանափակումներ են մտնելու մարդատար ավտոմեքենաների համար, որ հատծաներով են անցնելու ավտոբուսային և տրոլեյբուսային գծերը։
«Հուսով ենք, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ունենալու ենք նախնական պատկերը, իրականացնելու ենք 2027 թվականին»,- ասաց նա։










