Նախօրեին՝ ուշ գիշերով, գաղտագողի, ծածուկ պայմաններով և հատելով օրինականության բոլոր սահմանները՝ ԿԸՀ-ն որոշում է կայացրել 2 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել, ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նշեց՝ շատ լավ հասկանում են, որ սա փորձ է հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով թույլ չտալ ԲՀԿ-ի մուտքն Ազգային ժողով։
«Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի և էական ազդեցություն և ներգործություն ընտրական գործընթացների վրա»,-ասաց Տոնոյանը։
Նա հավելեց, որ վերահաշվարկների արդյունքում բազմաթիվ ընտրատեղամասերոմ կուսակցությունը 2 անգամ ավել չափով վերականգնել էր անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ քվեների քանակը. «Երեկ՝ ուշ գիշերին Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ ԿԸՀ-ն անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, այն է՝ թույլ չտալ ԲՀԿ-ին հաղթահարել անցողիկ շեմը»։










