Չէինք տեսել, որ գիշերը դադարեցվի ձայների հաշվարկը, ասվի՝ առավոտյան է լինելու. Ռուբեն Մխիթարյան


Չէինք տեսել, որ գիշերը դադարեցվի ձայների հաշվարկը, ասվի՝ առավոտյան է լինելու. Ռուբեն Մխիթարյան
Հունիս 8 23:38 2026

«Իշխանությունը նպատակ էր դրել վերարտադրվելու, դրա համար գերտերություններից ստացել էր բոլոր հնարավոր «դաբրոները»՝ ընդդիմության դեմ բռնաճնշումներ կիրառելու և ընտրություններ կեղծելու համար, և արեց»,-168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

Հարցազրույցի ժամանակ նրա արտահայտած հիմնական թեզերն են.

«Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ձայնի ջեբկիրություն են արել: 30 տարում շատ ընտրություններ ենք տեսել, օրինակ՝ 1996թ.-ինը, բայց մենք չենք տեսել, որ գիշերը դադարեցվի ձայների հաշվարկը, ասվի՝ առավոտյան է լինելու, իսկ առավոտյան էլ ներկայացվեն ակնհայտ տարբերվող թվեր… Եթե այն, ինչ այս ընտրություններում արել է ՔՊ-ն, դրա 10%-ն անեին նախկինում, մենք կտեսնեինք ըմբոստ քաղհասարակություն, եվրոպական դեսպանների հայտարարություններ ու Եվրախորհրդի զեկույցներ…

Գիշերը՝ ժամը 2-ին տված Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսի ժամանակ ՔՊ-ականների դեմքերը վկայում էին, որ դրանից առաջ ներսում գոռգոռոցներ են եղել: Նիկոլը ասուլիս տվեց առավոտյան նախապատրաստվող կեղծիքների էմոցիոնալ ֆոնն ապահովելու համար:

ԱԺ նախկին՝ 2021թ. ընտրությունների ժամանակ անվավեր քվեաթերթիկների թիվը մոտ 4000 է եղել, իսկ հիմա՝ մոտ 17 000: Այսինքն՝ այս խայտառակ թվով Նիկոլն ուզում է ասել՝ մեր ժողովրդից այդքան մարդ չգիտի քվեարկելու ձևը…

Տեսանյութեր կան, թե ինչպես Մեղրիում դռները չեն փակվում, բակում հավաքված զինվորները մտնում են ու ժամեր շարունակ քվեարկում: Ակնհայտ է, որ բանակում զինվորները, գտնվելով կոնկրետ ճնշման տակ, քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին:

Քվեարկության մտնելիս, եղել է դեպք անձամբ իմ հարազատի հետ, երբ քվեաթերթիկներ տվողը ճանաչել է, որ տվյալ ընտրողը ընդդիմադիր է, երկու հատ կամ 17 համարի քվեաթերթիկ են տվել, կամ այլ… Հնարավոր բոլոր կեղծիքները կատարվել են այս ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու համար:

Ընդդիմությունն այս անգամ 100 000-ով ավելի շատ ձայն է հավաքել, քան 2021թ.-ին, իսկ Նիկոլը 5 տարում 40 000 ձայն է ավել հավաքել:

Նիկոլին պետք էր 64 մանդատ, որպեսզի ձայների 3/5-ը հավաքի ու կարողանա կարևոր պաշտոնների նշանակումներ անել: ԵԹԵ «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) անցներ, նա չէր ստանում այդքան մանդատ, այլ ստանում էր ընդամենը 61 մանդատ: 64 մանդատի դեպքում կարող է ընդունել սահմանադրական օրենքներ: Սահմանադրական մեծամասնության համար նրան պետք է ևս 6-ը:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ն անհրաժեշտ է սահմանադրական օրենքների ընդունման համար, այդ թվում՝ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի, Ընտրական օրենսգրքի, Դատական օրենսգրքի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի, Հանրաքվեի մասին, Կուսակցությունների մասին և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքների ընդունման/փոփոխության համար: 

Առանց 3/5-ի Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի կարող ընտրել կամ պաշտոնանկ անել Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների։ 

Առանց 3/5-ի ՔՊ-ն չի կարող ընտրել կամ պաշտոնանկ անել նաև Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին։

Չի կարող ընտրել կամ պաշտոնանկ անել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին, Հաշվեքննիչ պալատի անդամներին, Կենտրոնական բանկի նախագահին։

Ավելին, եթե ՔՊ-ն ունենա ձայների 3/5-ը, դա բավարար չէ Սահմանադրության փոփոխություններ կատարելու կամ Սահմանադրության հիմնարար հոդվածները հանրաքվեի դնելու համար:

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը չեն կարող նաև հանրաքվեի միջոցով փոխել ՀՀ Սահմանադրությունը կամ նոր Սահմանադրություն ընդունել, նախաբանը փոփոխել և վերացնել Անկախության հռչակագրին հղումը: Առանց խորհրդարանական ձայների 2/3-ի՝ իշխող ուժը՝ ՔՊ-ն, չի կարող հանրաքվեի դնել Սահմանադրության հիմնարար հոդվածների փոփոխությունները, որը վերաբերում է նաև Սահմանադրության նախաբանին։