«Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ հաղթել ենք, մենք գիտեինք, որ 727 հազար ձայն ունեինք»․ Գեւորգ Պապոյան


«Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ հաղթել ենք, մենք գիտեինք, որ 727 հազար ձայն ունեինք»․ Գեւորգ Պապոյան
Հունիս 8 19:14 2026

«Չնայած այն հանգամանքին, որ իմ տպավորությամբ, միլիարդավոր դրամների կաշառք է բաժանվել հայտնի ուժերի կողմից, այնուամենայնիվ մարդիկ մի կողմից տեսան, որ իրենց խաղաղությունը վտանգված է, գնացին ընտրության։ Մյուս կողմից՝ հակառակ բանը տեղի ունեցավ՝ այն մարդիկ, որոնք իներտ էին, գնացին ընտրության, պաշտպանեցին ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, իրենց երեխաների խաղաղությունը։ Եվ սա ֆանտաստիկ է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքին։  «Մենք քաղաքացիներից ավելի ուժեղ մանդատ ենք ստացել։ 2021 թվականի ՔՊ-ին քվեարկել է 688 761 ՀՀ քաղաքացի։ Իսկ 2026 թվականին մեզ քվեարկել է 727 160-ը, այսինքն՝ 38 399 ձայնով ավելի։

Դա նշանակում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի ուժեղ մանդատ է ստացել եւ ավելի մեծ ժողովրդականություն ունի 2026-ին, քան 2021-ին էր»,- հավելեց նա։ Անդրադառնալով հարցին, որ ՔՊ-ն 51+ տոկոս չի հավաքել, այնինչ, Նիկոլ Փաշինյանը դեռ արդյունքները չամփոփած՝ հայտարարեց, թե ՔՊ-ն հաղթում է, արդյոք դա չազդե՞ց արդյունքների ամփոփման վրա, Պապոյանը պատասխանեց․

«Ոչ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, մենք գիտեինք, որ 727 հազար ձայն ունեինք։ Գիտե՞ք ինչու, որովհետեւ մեր վստահված անձինք այդ բաները նկարել էին։ Եթե գիտեինք, որ հաղթել ենք, ինչո՞ւ պետք է վարչապետը քաղաքական հայտարարություն չաներ, որ հաղթել ենք»։ Դիտարկմանը, որ Փաշինյանի հայտարարությամբ ազդել են նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա, Գեւորգ Պապոյանը պատասխանեց․ «Ոչ, հանձնաժողովի վրա հնարավոր չէ ազդել, որովհետեւ մաթեմատիկա է, մեկ գումարած մեկը հավասար է երկուս։ Ինչ քվեարկվել է, նույն կերպ պահպանվել է, եթե որեւէ մեկը կասկածում է, կարող է գնալ ցանկացած տեղ ու բողոքարկել ու հաշվել։ Դե կտեսնեք՝ դրա արդյունքում ՔՊ-ի ձայները կավելանան, թե՞ չէ։ Իմ կարծիքով՝ կավելանան»։