Մենք պայքարել ենք մերկ ճակատով, ընդդիմությունն անելիք ունի․ Էլինար Վարդանյան


Մենք պայքարել ենք մերկ ճակատով, ընդդիմությունն անելիք ունի․ Էլինար Վարդանյան
Հունիս 8 18:56 2026

«Մենք գտնվում ենք  այնպիսի իրավիճակում, որ ցանկացած գործիք և ցանկացած մեխանիզմ պետք է օգտագործել այս իշխանություններից ազատվելու և երկրում երկիրը ռիսկերից հանելու համար»,- այս մասին մամուլի ասուլիսի շրջանակում ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը։

Նա ընդգծեց, որ խոսքը վերաբերում է և՛ ընտրություններին, և՛ սահմանադրական այլ ճանապարհներին։

«Պետք է ֆիքսենք, որ այս ընտրությունները միակ ճանապարհը չէր, կան այլ ճանապարհներ։ Եթե մենք ուզում ենք, որպեսզի այն բոլոր սպառնալիքները, որոնց մասին խոսել ենք՝ անկլավներ,   նոր Սահմանադրություն, ադրբեջանցիների վերաբնակեցում և այլն, չլինի։  Պետք է օգտագործվեն բոլոր սահմանադրական ճանապարհները դրանք կանխելու համար։ Հետևաբար,այս  առումով  ընդդիմությունը, իհարկե, անելիք ունի։ Բայց ասել՝ մենք ժողովրդավարական երկիր չենք, եկեք ընդհանրապես մերժենք բոլոր ժողովրդավարական գործընթացները,  չմասնակցենք ընտրություններին, փորձենք հորինել նոր հեծանիվ և այլն, այդպես չի լինում։ Սա քայլերից և փուլերից մեկը որպես պետք է դիտարկել»,- իր խոսքում նշեց Վարդանյանը։

Քաղաքական գործիչն ընդգծեց, որ   դեռ պետք է քննարկեն, թե ինչպիսի քայլեր կհաջորդեն։ Առայժմ սպասելու են արդյունքներին։

  «Անճշտությունների ճշգրտման հետ կապված հստակ ժամկետներ նախատեսված չեն, և դրանք պետք է իրականացվեն այնքան արագ, որքան հնարավոր է։ Այսինքն՝ ոչ թե անճշտությունները թողեն, մի շաբաթ հետո կքննարկեն և այլն, ո՛չ։Անճշտությունները պետք է ճշգրտվեն՝ հնարավորինս արագ։ Վերահաշվարկների համար կան սահմանված ժամկետներ այսօր մինչև ժամը 18։00-ն և վաղը մինչև 12։00-ն դիմումներ ներկայացնելու և այնուհետև Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետներում վերահաշվարկներ իրականացնելու։ Հետևաբար, այս պրոցեսները կընթանան Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետների շրջանակներում, դրանից հետո, բնականաբար, մենք կորոշենք մեր քայլերի հաջորդականությունը»,- հավելեց Վարդանյանը։

Նա կարևորեց  իրենց պայքարի նպատակն  ու այն հանգամանքը, որ  պայքարել են մերկ ճակատով։

«Եթե դուք կարծում եք, որ ես այն մարդկանցից եմ, ով մանդատի համար կարող է ափսոսալ կամ մանդատի համար կարող է կռիվ տալ, ուրեմն, ինձ լավ չեք ճանաչում»,- ասաց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։