Փաշինյանի հայտարարությունը ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն է. Թաթոյան


Փաշինյանի հայտարարությունը ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն է. Թաթոյան
Հունիս 8 08:20 2026

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն միանձնյա ձևավորում է Կառավարություն և հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է, և վերազանցում է վարչապետի լիազորությունները»,- գրել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

 

«Կառավարության ղեկավարը չունի իրավասություն հանդես գալու հայտարարությամբ և հայտարարելու իր միանձնյա հաղթանակի մասին, երբ քվեարկության արդյունքների 10%-ից մի փոքր ավելին է հաշվարկված, երբ Երևանում քվեարկության արդյունքների 10%-ն էլ ամփոփած չէ: Ավելին, Երևանի ընտրատեղամասերում քվեարկությունների արդյունքները չկան մինչև հիմա: Բոլոր թարմացումներն անկանոն են փոխվում, անհասկանալի է ինչ հաճախականությամբ: Ավելին, թվերը պարբերաբար նվազում ու ավելանում են:

 

Այս պայմաններում նա խոսում է ընդդիմության տարբեր առաջնորդների պատասխանատվության ենթարկելու մասին. նման լիազորություն չունի վարչապետը: Սա օրենքի կոպիտ խախտում է:

 

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը համարում ենք ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն, որը քրեորեն պատժելի է»,- գրել է Թաթոյանը։ 

 

Հիշեցնենք, որ ժամը 02.00-ին հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Հունիսի 7-ին տեղի ունեցած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը միանձնյա կձևավորի կառավարություն»։