Մեծ հույս ունեմ, որ այսպիսի քարոզարշավ այլևս երբեք չի կրկնվի Հայաստանում,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով իշխանությունների վարքագծին ու բառապաշարին։
Մխիթարյանը շեշտեց՝ իշխանություններն այնպիսի ճնշումների են դիմում, այնպիսի խոսույթ բանեցնում, որ նախկինում այդպիսի բան պատկերացնելն անհնարին էր։
«Բոլոր կարմիր գծերը հատած այսպիսի քարոզարշավ, մեծ հույս ունեմ, որ այլևս երբեք չի կրկնվի Հայաստանում՝ ոչ մի ընտրությունների ժամանակ»,- ասաց նա։
Չնայած սրան՝ Ռուբեն Մխիթարյանը հասարակությանը կոչ արեց ակտիվ մասնակցել ընտրություններին, քվեարկել, քանի որ դա վճռորոշ նշանակություն է ունենալու Հայաստանի կյանքում։
«Հայաստանի Հանրապետությունը ջրբաժանի առջև է գտնվում, հաջորդ իշխանությունները պետք է ունենան բարձր լեգիտիմություն, որովհետև ակնհայտ է, որ այնպիսի որոշումներ են կայացվելու, որ հաջորդ իշխանությանը շատ է պետք լինելու ժողովրդի կողմից ստացած բարձր լեգիտիմությունը։ Այդ իսկ պատճառով, հարգելի հայրենակիցներ, անպայման գնացեք ընտրությունների, հորդորեք ձեր հարևաններին, բարեկամներին, ընկերներին անպայման գնալ ընտրությունների։ Ձեր կյանքից այդ մեկ ժամը տրամադրեք, որ հետագա 5 տարիների ընթացքում դուք ձեզ չպաշտպանեք այս նախադասությամբ. «Բայց ես չեմ ընտրել տվյալ մարդուն»։










