Ամուր խաղաղությունը հակասաֆարովյան օրենք ունեցող Հայաստանում է. Ն. Կարապետյան


Ամուր խաղաղությունը հակասաֆարովյան օրենք ունեցող Հայաստանում է. Ն. Կարապետյան
Հունիս 4 15:48 2026

«Մինչ այս Ալիևը հայտարարում էր, որ Սյունիքով ճանապարհ է ստանալու, մենք՝ հայկական հանրույթը դրա մասին տեղյակ չէր, հետո Ալիևը հայտարարեց, որ Հայաստանը պետք է Սահմանադրություն փոխի, ոչ ոք չէր խոսում դրա մասին, մինչև մի օր Փաշինյանը Ալիևի հորդորով չհայտարարեց դրա մասին, դուք ուզո՞ւմ եք մի օր զարթենք, տեսնենք, որ Ալիևի ասած ադրբեջանցիների գալը սկսում է»,- Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» հետ կապված  հայտարարությունների իսկությունը հարցականի տակ դնող դիտարկմանն ի պատասխան ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա նկատեց, որ Պ. Ղազարյանը  բաց է թողել այն հայտարարությունը, որով մի  քանի ամիս առաջ հանդես է եկել Ադրբեջանի նախագահը։

Կարապետյանը հիշեցրել է, որ Ադրբեջանում պատրաստվում են «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» ֆորումի անցկացմանը, որտեղ քննարկվելու է ադրբեջանցիների Հայաստան գալու հարցը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը հորդորեց  Պետրոս Ղազարյանին հետևել ադրբեջանցի պաշտոնյաների ելույթներին, նրանք հաճախ են խոսում ադրբեջանցիների Հայաստան գալու և  մեր երկրում մզկիթները  «վերականգնելու» մասին։

Հակադարձելով Պետրոս Ղազարյանին, թե իբր «Ուժեղ Հայաստան»-ը ադրբեջանական թեզեր է տարածում՝ Կարապետյանը նշեց. «Ալիևի նարատիվները տարածում է Ալիևի մարզպետը այստեղ՝ ՔՊ-ի ղեկավարը, զարթնում է և Ալիևի պահանջով ասում՝ պետք է Սահմանադրություն փոխենք»։

Նրա խոսքով, Փաշինյանը կատարում է Ալիևի բոլոր պահանջները։

Ինչ վերաբերում է իշխանությունների առաջարկած խաղաղությանը, ապա Նարեկ Կարապետյանն ասաց.  «խաղաղությունը լինում է կա՛մ ամուր, կա՛մ թույլ։ Թույլ խաղաղությունն այն է, որ մենք կնքում ենք թուրքի հետ խաղաղության պայմանագիր առանց երաշխավորի, որի արդյունքում մենք ունենալու ենք ուղիղ հարաբերություններ, ադրբեջանցիներով համեմված Հայաստան, իսկ ամուր խաղաղությունը հակասաֆարովյան օրենք ունեցող Հայաստանն է, որտեղ ՀՀ Սահմանադրությունը ընդունում ա օրենք, որով արգելում է ադրբեջանցիներին գնել հող»։

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններում երաշխավոր երկրների մասին՝ Կարապետյանը նշեց, որ խոսքը վերաբերում է մեկից ավել երաշխավորներին, ոչ թե միայն ՌԴ-ին, ինչպես պնդում է հաղորդավարը.

 «Մենք միշտ խոսել ենք նաև Իրանի մասին, ով հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը իր համար կարևոր է, ԵՄ երկրների ու ԱՄՆ-ի մասին մենք բազում անգամ խոսել ենք, ինչը դուք չնշեցիք, բոլոր երկրներն էլ ունեն իրենց շահերը, իսկ մենք պետք է մի բան անենք, քանի որ երես առ երես չենք կարող խոսել թուրքերի հետ»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին՝  Կարապետյանը նշեց. «Չի´ կարելի վատացնել հարաբերությունները հիմնական գործընկերոջ հետ, ում հետ  կատարվում է քո առևտրաշրջանառության 65 տոկոսը և ասել, որ գործընկերն է մեղավոր, ոչինչ որ Զելենսկիին հրավիրել են, ոչինչ որ եթերներով հակառուսական քարոզ են անում։

Պատերազմը պարտվում է ուրիշն է մեղավոր, պատերազմ է բերում որիշն է մեղավոր, կարողա՞ մի օր տղամարդկություն ու պատասխանատվություն ունենան ասելու, որ իրենք չեն կարողանում, ստեղծում են նոր թշնամի, մեր թշնամիները մեզ բավարար են»։