ՀՀԿ-ն առաջարկում է ընտրություններին մասնակցող ուժերի առաջին 30 համարների թեկնածուները ստանձնեն հրապարակային պարտավորություն


ՀՀԿ-ն առաջարկում է ընտրություններին մասնակցող ուժերի առաջին 30 համարների թեկնածուները ստանձնեն հրապարակային պարտավորություն
Հունիս 2 20:13 2026

ՀՀԿ-ն առաջարկում է հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող ցանկացած կուսակցության և դաշինքի առաջին 30 համարների թեկնածուները ստանձնեն հրապարակային պարտավորություն, որ իրենց գործունեությամբ կամ անգործությամբ չեն նպաստելու Նիկոլ Փաշինյանի կամ որևէ այլ ՔՊ-ականի վարչապետ դառալուն։

ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան տեսանյութում նախ հիշեցնում է՝ երկու ամիս առաջ ՀՀԿ համագումարի ժամանակ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 4 ուղղություն էր նշել, որոնցով գործունեություն էր ծավալելու ՀՀԿ-ն նախընտրական շրջանում։ Նա նշեց, որ երեքն արդեն իրականացրել են՝ ցույցեր, իրազեկման ակցիաներ, հերթը հասել է 4-րդ կետին։

«ՀՀԿ-ն առաջարկում է ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների և դաշինքների նախընտրական  ցուցակների առաջին 30 համարների թեկնածուները ստանձան հրապարակային պարտավորություն։

Գրեթե բոլորն ուժերն արդեն ասել են Փաշինյանի հետ չեն համագործակցելու և այլն, բայց առաջարկում ենք, հաշվի առնելով դառը փորձը, յուրաքանչյուր թեկնածու, անհատական ինքն իր խոսքով պարտավորություն ստանձնի, որ իր գործունեությամբ կամ անգործությամբ չի նպաստելու Փաշինյանի կամ որևէ ՔՊ-ականի վարչապետ դառնալուն, ՔՊ-ի իշխանության վերարտադրվելուն»,- ասաց Մամիջանյանը։

Ըստ նրա, այս ընտրություններն այնքան էական են, որ քաղաքացիները հստակ պետք է գիտակցեն՝ այս կամ այն թեկնածուն անձնապես խոստացել է որևէ կերպ չնպաստել Փաշինյանի իշխանության վերարտադրությանը։

Նա նաև հրապարակել է «հրապարակային պարտավորության» տեքստը.

Ես, (անուն ազգանուն), հանդիսանալով սույն թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների պատգամավորության թեկնածու, արձանագրելով Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից.

• բանակի համակարգային թուլացման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի անվտանգային ճարտարապետության կազմաքանդման գործողությունները,
• Արցախի դավաճանական հանձնումը,
• Հայ-ադրբեջանական բանակցություններում ՀՀ պետական շահի և արցախահայերի միջազգայներոն երաշխավորված իրավունքների ոտնահարումը,
• Ազգային ինքնության ոչնչացման փորձերը,
• Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավը
• Մարդու իրավունքների լայնածավալ և աննախադեպ ոտնահարումները և այլախոհների անօրինական ազատազրկումները, • Իրավապահ և դատական համակարգերի ուզուրպացումը՝

Հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահության քվեն ստանալու և Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու պարագայում իմ որևէ գործողությամբ կամ անգործությամբ չեմ նպաստի Նիկոլ Փաշինյանի կամ որևէ այլ ՔՊ-ական թեկնածուի վարչապետ ընտրվելուն»։