Փաստորեն, առանց Հանրապետականին հղում անելու՝ երկրում չկան օրակարգային հարցեր, չկան բանավեճեր, չկա անցյալի, ներկայի ու ապագայի մասին խոսույթ, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
«Մարդիկ, ովքեր ահռելի, աղետալի վնասներից բացի ոչ մի օգուտ չեն տվել երկրին՝ իրենց իրավունք են վերապահում տեղի անտեղի հիշատակել Հանրապետականի իշխանության տարիների անցուդարձը:
Հաղթանակներով ու ազգային արժանապատվությամբ պետություն կառուցած Հանրապետականը՝ երկու հայկական պետություն, անվտանգության երաշխավորված համակարգ, կայացած պետական ինստիտուտներ, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն, արտաքին աշխարհի համար ինքնիշխան ու վստահելի պետականություն է թողել ձեզ:
Ութ տարի է անցել. ավիրել ու կորստյան եք մատնել անցյալի բազմաթիվ ձեռքբերումներն ու նվիրական արժեքները: Մեծ կամ փոքր չափով, տարբեր դրվագներով դրան մասնակից են եղել նաև շատ «քաղաքական ուժեր»՝ ելնելով իրենց մերկանտիլ շահերից:
Տիկնայք և պարոնայք,
Հանգիստ թողեք Հանրապետականին, հատկապես, որ մենք չենք մասնակցում ընտրություններին և բանավեճերում հնարավորություն չունենք ճակատներիդ դեմ առ դեմ պատասխանել ձեր զրպարտություններին:
Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար: Աղմուկներն ու ապաքաղաքական բանավեճերն ունեն զրո արժեք:
Իրավիճակից դուրս գալու ելքը հունիսի 7-ին հիմնական ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկության մեջ է»,-նշել է նա։










