Աջափնյակ վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց «Առաջարկ Հայաստանի» ծրագիրը, միևնույն ժամանակ հավաստիացնելով, որ ծրագրում ներառված կետերը պարտադիր ընդունվելու և շատ արագ իրականացվելու են։
«ժողովուրդ ջան,ամպագորգոռ բաներ չեմ ասում, ոչ էլ անհնարին բան եմ ասում։ Այսօր Երևանում հիմնական խնդիրն այն է, որ 100 %-ով բարձրացել է գույքահարկը։ Կադաստրային արժեքով էլ չեն բարձրացել, բարձրացել են շուկայական գնով։ Թոշակառուին, որն իր ամբողջ կյանքն աշխատել է, իրեն տուն են նվիրել, տուն է ստացել՝ կլինի արվեստագետ, բժիշկ, գիտնական, ծառայող, ուսուցիչ, թոշակն իրեն ապրելու համար չի բավարարում։ Ո՞նց կարող է գույքահարկ վճարի։ Ասում են՝ չե՞ս կարող վճարել տունդ վաճառի, գնա սահմանամերձ շրջաններում ապրի»,- ասաց Ծառուկյանը։
Նա նաև անդրադարձավ թոշակների հարցին՝ նշելով, որ այն բավականին ցածր է գոյատևելու համար։ Ծառուկյանը մանրամասն ներկայացնելով ծրագրում ներառված կետերը՝ ընդգծեց, որ փոփոխություններ են արվելու բժշկական համակարգում։
«Գումար չունես՝ հիվանդանոց չես կարող գնալ։Էսօր փողը չտաս՝ չեն վիրահատում»,- ասաց նա՝ հավելելով, որ անվճար բուժման համակարգ են ներդնելու։










