Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի ինձնից և բոլոր արցախցիներից. Արթուր Օսիպյան


Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի ինձնից և բոլոր արցախցիներից. Արթուր Օսիպյան
Մայիս 29 19:02 2026

«Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանը, ով քարոզարշավի ժամանակ մոտեցել էր Փաշինյանին և Արցախի վերաբերյալ հարցեր ուղղել, ինչից հետո նրան ձերբակալել էին, կոչով է հանդես եկել.

«Հացադուլի 11-րդ օր։

Ձերբակալությունից ի վեր ես ստիպված եմ եղել հացադուլ անել։ Հացադուլիս պատճառն այն է, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, նախընտրական քարոզարշավի ընթացքում չկարողանալով պատասխանել իմ հարցերին, սկսեց հրապարակայնորեն վիրավորել ինձ՝ անվանելով «փախած»։ Հետո էլ ընդհանրացնել դա բոլոր արցախցիների նկատմամբ։

Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջով հրապարակային ներողություն խնդրի անձամբ ինձնից և բոլոր այն արցախցիներից, ովքեր չեն խուսափել պատերազմից, Արցախի համար իրենց ընտանիքները դարձրել են վահան` պաշտպանելով մեր հայրենիքը։ Տասը ամիս մնալով լիակատար շրջափակման մեջ և ենթարկվելով Ադրբեջանի կողմից ևս մեկ ռազմական ագրեսիայի՝ առանց օգնություն ստանալու ո՛չ խաղաղապահ ուժերից, ոչ էլ Հայաստանի իշխանություններից, ստիպված լքել են Արցախը, որպեսզի փրկեն սովի առջև հայտնված 30 000 երեխաներին ֆիզիկական ոչնչացումից։ Եվ սա Նիկոլ Փշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելուց և մեր բանակի կողմից խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացումը կանխելու վերջին ջանքերից հետո էր։

Ի՞նչ «փախածների» մասին է խոսում Փաշինյանը։ Ինչո՞ւ է նման արհամարհանք դրսևորում սեփական ժողովրդի նկատմամբ։ Սա աններելի է։ Կոչ եմ անում բոլոր արդար քաղաքական ուժերին և անհատներին ցուցաբերել օբյեկտիվ մոտեցում և պահել հարցը օրակարգում։

Կանխավ շնորհակալ եմ»։