ԵԱՏՄ երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ ՀՀ իշխանությանը կոչ են արել հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել. դեկտեմբերին կզեկուցեն՝ ինչ հետևանքներ կկրի Հայաստանը


ԵԱՏՄ երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ ՀՀ իշխանությանը կոչ են արել հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել. դեկտեմբերին կզեկուցեն՝ ինչ հետևանքներ կկրի Հայաստանը
Մայիս 29 18:39 2026

ԵԱՏՄ երկրների առաջնորդները Հայաստանի իշխանությանը կոչ են արել հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնել հանրաքվե՝ ԵԱՏՄ կազմում մնալու կամ ԵՄ-ին միանալու հարցի շուրջ։   

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների համատեղ հայտարարությունում նշվում է.

«Կիսում ենք համոզմունքը Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս սեղմ ժամկետում համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցի շուրջ»։

Նշվում է նաև, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի անդամները 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում կզեկուցեն, թե ինչ հետևանքներ կկրի Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման դեպքում։

4 երկրների ղեկավարների հայտարարությունում այս առնչությամբ նշված է, որ նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով այն վտանգները, որոնք կարող են սպառնալ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգությանը՝ Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական Միությանը անդամակցելու գործընթացով պայմանավորված։ Ըստ հայտարարության՝ անհրաժեշտ է կանխել այն վնասները, որոնք այդ դեպքում կկրեն ԵԱՏՄ երկրները։