Մայրը կրшկել է ամուսնուն, ապա երեխաներին, այդ թվում 6 օրական փոքրիկին


Մայրը կրшկել է ամուսնուն, ապա երեխաներին, այդ թվում 6 օրական փոքրիկին
Մայիս 29 17:02 2026

Panorama.am-ը գրում է․

Լոս Անջելեսում հայտնաբերվել է 4 դի, հայկական ազգանուններով, այդ թվում՝ երկու փոքրիկ երեխաներ։ Այս մասին գրում է Los Angeles Times-ը։

Լոս Անջելեսի ոստիկանությունը կարծում է, որ Սան Ֆերնանդո հովտի  թաղամասերից մեկում տեղի ունեցածը չորս հոգանոց ընտանիքի սպանություն և ինքնասպանություն է։ Զոհերի թվում եղել է նաև ընդամենը 6 օրական երեխա։

Չորեքշաբթի երեկոյան՝ ժամը 19։50-ի սահմաններում, ոստիկանները կանչվել են Նորթ Հիլզում գտնվող բնակարան, որտեղ հայտնաբերել են երկու մեծահասակի և երկու փոքր երեխայի՝ հրազենային մահացու վնասվածքներով։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ դեպքի վայրում հավաքված նախնական ապացույցները ցույց են տալիս, որ մայրը նախ կրակել է տղամարդու և երկու երեխաների վրա, ապա ինքնասպան եղել։

Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական ծառայության համաձայն՝ զոհերն են՝ 6 օրական Էլլա Բասմաջյանը, 2 տարեկան Ալեք Բասմաջյանը, 31-ամյա Խաժակ Բասմաջյանը և 30-ամյա մի կին, որի անունը դեռ չի հրապարակվել, քանի դեռ ընտանիքի մյուս անդամներին չեն տեղեկացրել։

Լոս Անջելեսի ոստիկանության կապիտան Մայք Բլանդը դեպքը բնութագրել է որպես մեծ ողբերգություն։ Նրա խոսքով՝ զոհերի թվի պատճառով գործը վարում է սպանությունների և ծանր հանցագործությունների բաժինը։

Բլանդը նշել է նաև, որ այս պահին ազատության մեջ կասկածյալներ չկան, և քննիչները դեպքը դիտարկում են որպես սպանություն-ինքնասպանություն։

Դևոնշիրի բաժնի ոստիկանները դեպքի վայր են ժամանել Լոնդելիուս փողոցում գտնվող տուն, որտեղ քննիչները դատաբժշկական փորձագետների հետ անմիջապես սկսել են ուսումնասիրել տարածքը։

Հարևանուհին պատմել է, որ աղմուկ է լսել, սակայն կրակոցների ձայներ չի լսել։ Նրա խոսքով՝ պատուհանից տեսել է, թե ինչպես են ոստիկանները շտապում տուն, իսկ հարազատները լացելով դուրս գալիս։ Նա նաև նշել է, որ որոշ ժամանակ անց պարզ է դարձել՝ ներսում այլևս ոչ ոք չկար, ում հնարավոր լիներ փրկել կամ ձերբակալել։