Նոր զինանշանում հերալդիկայի կոպիտ սխալներ կան. ափսոսում եմ, որ իմ կարծիքը չեն հարցրել. Կարեն Աղամյան


Նոր զինանշանում հերալդիկայի կոպիտ սխալներ կան. ափսոսում եմ, որ իմ կարծիքը չեն հարցրել. Կարեն Աղամյան
Մայիս 28 14:46 2026

 Օրերս ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ ՀՀ բանակը նոր զինանշան ունի։

Այս փոփոխությունը, ըստ հրապարակման, բանակի կերպափոխման շրջանակում է: ՊՆ-ից պնդում են, որ նախորդ զինանշանն ուներ մի շարք թերություններ:

Զինանշանի նոր տարբերակում ավելացել է Հայաստանի նոր  քարտեզը, փոխվել դրոշի ու արծվի ներկայացման ձևը: Ըստ ՊՆ-ի՝ նոր զինանշանում հստակ երևում են արծվի մարմինը, գլուխը, թևերը, ճանկերը՝ «հաղթահարելով նախկին զինանշանի բացթողումները»:

Նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ փոփոխություն վաղուց պետք է արվեր զինանշանում. «Փոփոխություններին որոշ չափով կողմ եմ, այն հանգամանքը, որ արծվի բերանը բաց է և լեզուն երևում է, հերալդիկայի կանոններին համապատասխանում է։ 2009 թվականից ես անընդհատ այդ մասին բարձրաձայնում եմ, լավ է՝ ինձ վերջապես լսեցին։ Սակայն, արծվի կատարումը՝ նկարը, շատ վատ է արված։ Չգիտեմ՝ ով է հեղինակը,  սակայն թերի է, լավ չի արված։ Իդեան լավն է, սակայն կատարումը՝ վատ։ Հին զինանշանի թուրն էլ սխալ էր արված, ոնց որ կենտրոնից կիսված լիներ, ոնց որ երկու բարակ մետաղի կտոր լիներ, այլ ոչ թե մի ամբողջական թուր, հիմա ամբողջական է դարձել, որը էլի լավ է։ Սակայն, սարսափելի  մեծ սխալ է արված, որ այն գտնվում է թևի ֆոնի վրա։ Նույն հերալդիկայի կանոններով, դա վատ նշան է, չեմ ուզում մանրամասնել, սակայն, ըստ երևույթին, կատարողներն այդ մասին չգիտեն, դժվար թե միտումնավոր արած լինեին»։

 Աղամյանի գնահատմամբ՝ լավ է, որ դրոշը մասնատված չէ. «Խաչն էլ մյուս ձեռքին լավ է։ Ութանկյունը հիմա օգտագործում են անգամ ադրբեջանական սիմվոլների մեջ, սակայն դա ի սկզբանե հայկական նշան է և ուժեղ նշան է։ Իսկ այդ ութանկյունի կենտրոնում դրված է մի հատ քառակուսի, որը չգիտեմ՝ ինչու, անվանում են ցորենի հատիկ, որը բոլորովին չի համապատասխանում իր ձևին, տեսքին»։

Կարեն Աղամյանը տեղյակ չէ, թե ովքեր են նոր զինանշանի հեղինակները. «Ես գիտեմ, որ հերալդիկայի մասնագետ ՀՀ-ում գրեթե չկա, չեմ ուզում գլուխ գովել,  բայց  ես շատ բան կարող էի ասել, անել։ Իմ կարծիքը հաշվի չեն առել, ափսոսում եմ»։