«Այսօր կանգնած եմ ձեր առաջ ոչ միայն որպես թեկնածու, այլ որպես մարդ, ով սիրում է այս հողը, այս քաղաքը և այս մարդկանց։ Ես եկել եմ ոչ թե խոստումներ տալու, այլ ձեր աչքերին նայելու և ազնվորեն խոսելու՝ ձեր օրվա և վաղվա օրվա մասին»,- այս մասին Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Հրաչյա Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը միշտ եղել է ժողովրդի կողքին՝ և՛ դժվար օրերին, և՛ պայքարի պահին։
«Վայոց ձորը փոքր մարզ է, բայց շատ մեծ սիրտ ունի։Դրա համար է՝ մեր կարգախոսը կոչել ենք՝ «մեր խոսքը՝ գործ է»։ Եթե ժողովուրդը մեզ վստահի իր քվեն, մենք պարտավոր ենք լինելու։Անել ամեն ինչ ժողովրդի համար և մեր հայրենիքի։ Ունենք ծրագրեր, որոնցից մեկը՝ աջակցություն մարզի գյուղերին։ Գյուղացին պետք է վստահ լինի, որ իր աշխատանքի արժեքը կա, պետք է լինեն սուվերեն ծրագրեր, ոռոգման, համակարգի բարելավում և այլն»։
Նա ընդգծեց , որ երիտասարդության համար ևս ծրագրեր ունեն, մասնավորապես՝ աշխատատեղեր։
«Պետք է ստեղծենք հնարավորություններ, որ երիտասարդը մարզում մնա, դուրս չգա և արարի, գործի, աշխատի իր մարզում, իր հայրենիքում, նոր բիզնեսներ, տուրիզմ, փոքր և միջին ձեռնարկություններ, խրախուսում կրթական ոլորտի և մշակութային կյանքին։ Մեր տարեցները չպետք է միայնակ լինեն։Մեր ընտանիքները չպետք է ամեն օր գոյատևել՝ դուրս գնալով։ Մենք պետք է աջակցություն ու բազմազանություն տարածենք ժողովրդի մեջ, որպեսզի նրանք ոչ մի րոպե չմտածեն երկրից դուրս գնալու և հայրենիքը լքելու մասին»։










