Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստում անդրադարձել է Հայաստանի իշխանության գործելաոճին՝ նշելով, որ այն չի համապատասխանում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին ժամանակներս մի շարք քայլեր է ձեռնարկել , որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»,- Շոյգուի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է նաև՝ Հայաստանի իշխանությունները, Ուկրաինայի նախագահին հարթակ տրամադրելով Երևանում, որտեղից էլ Զելենսկին սպառնալիքներ է ուղղել Մոսկվային՝ Կարմիր հրապարակում կայանալիք Հաղթանակի շքերթի կապակցությամբ, այդպիսով պղծել են Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած ու նացիզմի դեմ պայքարում զոհված հայերի հիշատակը։
«Հատուկ ուզում եմ շեշտել այն հանգամանքը, որ Կիևի ռեժիմին ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Երևանում հարթակ են տրամադրել, որպեսզի Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ հնչեն։ Մտածեք՝ նեոնացիստական ռեժիմի առաջնորդը (Զելենսկին-խմբ.) Երևանից սպառնաց հարվածներ հասցնել Հաղթանակի շքերթի ժամանակ։ Դա նշանակում է պղծել 1,5 միլիոնից ավելի հայերի հիշատակը, ովքեր պայքարել են նացիզմի՝ այդ բացարձակ չարիքի դեմ՝ առանց իրենց կյանքը խնայելու»,- ասել է Շոյգուն։










