Ոչ մի հարաբերություն նրա հետ չունեմ, կարելի է ասել՝ 2017 թվականից նրան ֆիզիկապես չեմ տեսել, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններին, ասաց փաստաբան, նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Նա նշեց, որ այս ընթացքում Փաշինյանը դատի է տվել իրեն՝ իր վարքի, բարքերի քննադատության համար. «Դրա համար ես դատապարտվել եմ, ինքը դրա համար ամեն ինչ արել է։ Վերջերս այդ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, որով նա պահանջել էր, որպեսզի ես հերքեմ իմ հայտարարությունը՝ կապված իր գործունեության հետ, այդ դատական ակտով դատարանը վճռել է ինձ պատժել՝ գումարային տեսքով, ես այդ գումարը մուծել եմ։ Հիմա էլ նոր կատարողական թերթ է հանել, նորից ինձնից գումար է պահանջում՝ փաստաբանական ծախսերի համար։ Սա է իմ առնչությունն իր հետ։
Նաև ասեմ, որ վարույթն իրականացնող մարմնին ուղղակիորեն հայտնել եմ, որ ամուսնուս մեքենան, երբ մեր բակում վառեցին, ես ունեմ կասկածներ, որ դա հենց իրենք են և խնդրել եմ իրենց հրավիրել հարցաքննության՝ Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին, բայց իմ այդ միջնորդույթունը չի բավարարվել, իսկ գործն էլ մնացել է քննության փուլում, պատվիրատուն բացահայտված չէ, երկու անձ է կալանավորվել, ովքեր կատարել էին, քանի որ տեսախցիկներն այդ անձանց ֆիքսել էին։ Իսկ բուն պատվիրատուն չի բացահայտվել։ Դա տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսին»։
Թե ինչու է Նիկոլ Փաշինյանն իրեն հիշել՝ Փոստանջյանը դա թողնում է հոգեբաններին. «Չեմ կարող ասել, թե որն է խնդիրը։ Կարող եք իրեն հարցնել, թե ինչու էր ինձ հիշել։ Այնպիսի մեղադրանքներ է հնչեցնում, որ հնարավոր չէ, որ ես կարողանայի նույնիսկ անել, քանի որ ի պաշտոնե ես չէի կարող նման գործունեությամբ զբաղվել»։
Փոստանջյանը շեշտեց՝ Փաշինյանն ակնհայտ վախեր ունի. «Դա երևում է։ Արաբկիրում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ակնհայտ երևում էր իր նյարդային վիճակը, որը մատնում է նրա վախերը։ Իսկ վախն էլ ինչ է՝ իհարկե, իշխանությունը կորցնելը»։
Հիշեցնենք՝ Արաբկիրում քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը բավական կոշտ արտահայտություններ է հնչեցրել Զարուհի Փոստանջյանի հասցեին։ Մասնավորապես, մայիսի 18-ի ելույթներից մեկում նա ասել էր․
«Զարուհի, Ռոբերտին ու Սերժին ծախված ստահակ…»։










