«Հայաստանում և սփյուռքում յուրաքանչյուր հայ պետք է հատուկ ուշադրություն դարձնի, նշանակություն տա Ադրբեջանի կողմից առաջ քաշված «Արևմտյան Ադրբեջան» գաղափարին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Ըստ նրա, սա վերացական ինչ-որ բան չէ, սա լուրջ ծրագիր է Ադրբեջանի կողմից, և նրանք բավական վճռական են այն իրականացնելու։
«Դրա իրականացումն այսօրվա իշխանությունների գոյության պայմաններում օրեցօր շատ ավելի ռեալ է դառնում։ Փաշինյանը շերտ-շերտ կտրում ու հանձնում է Ադրբեջանին, իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին։
Այսօր ադրբեջանական բանակը մխրճվել է Հայաստանի տարածք, օկուպացրել է և նպատակ չունի հետք քաշվելու։ Նրանք գտնվում են Ջերմուկի բարձունքներում, Սյունիքի բարձունքներում, Տավուշում։
Վերջերս հենց Սյունիքում Փաշինյանի արած հայտարարությունը, որ իբր պաշտպանում է Սյունիքը և հանգստացնում է ժողովրդին, թե այդպիսի հարց չկա, Սյունիքը Հայաստանի անբաժան մաս է։ Այդ հայտարարությամբ ինքը խոստովանություն է անում, որ այդ հարցն էլ է տապալել, դրանով ինքը Սյունիքը արդեն վիճելի տարածք է դարձրել։ Ադրբեջանցիք էլ լսում են, չէ՞։
Բնական կնայեի՞ք, եթե Վայոց Ձորում, Շիրակում ասեր՝ Շիրակը, Վայոց Ձորը Հայաստանի անբաժան մասն է։ Ինչո՞ւ պետք է նման հարց ծագի որևէ մեկի մտքում, ուր մնաց երկրի ղեկավարի մտքում։ Դա նշանակում է՝ ինքը բանակցություններում լավ գիտի, որ իր առաջ այդ խնդիրն էլ է նաև դրվել»,- ասել է Վ.Օսկանյանը:










