«Ղարաբաղյան կլանը» փորձում է Հայաստանի Հանրապետությունը ստրուկ դարձնելով գալ իշխանության. Անահիտ Ավանեսյան


«Ղարաբաղյան կլանը» փորձում է Հայաստանի Հանրապետությունը ստրուկ դարձնելով գալ իշխանության. Անահիտ Ավանեսյան
Մայիս 18 16:06 2026

«Ղարաբաղյան կլանը» փորձում է Հայաստանի Հանրապետությունը ստրուկ դարձնելով գալ իշխանության: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ մեկնաբանելով այսօր Արաբկիրում քարոզարշավի ժամանակ քաղաքացու և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած թեժ բանավեճը:

 

«Որևէ մեկը չպետք է փորձի մարդկանց նյարդերի, զգացմունքների, հայրենասիրական զգացմունքների վրա խաղալով տեռորիզմը հետ բերել ՀՀ: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները՝ մեր հայրենակիցները, մշտապես արժանացել են Հայաստանի քաղաքացիների հոգածությանը, Հակարիի կամուրջից այս կողմ, մեկին չենք հիշում, որ մեկ աման տաք ճաշ բերեին և մեր հայրենակիցներին դիմավորեին, մենք ենք այնտեղ եղել, գիտենք։ Հայաստանի Հանրապետության պարզ քաղաքացիներն են եղել մեր հայրենակիցներին դիմավորողները, նրանց առաջին օգնություն ցույց տվողները։

 

Որևէ մեկը չփորձվի սեպ խրել Հայաստանի և ղարաբաղցիների միջև, իսկ «Ղարաբաղյան կլանը», որը փորձում է ՀՀ-ին ստրուկ դարձնելով գալ իշխանության և շարունակել թալանել, օգտվել հայաստանցիներից և ղարաբաղցիներից՝ իրենց սեփական շահերը բրդելու համար, չի հաջողելու: Այսօր ընդդիմադիր դաշտերը, «եռագլուխ պատերազմի կուսակցությունը» փորձում է Հայաստանը հետ տանել ու ներքաշել պատերազմի կոնֆլիկտի տրամաբանության մեջ, մենք այս խոսույթներին կոնկրետ պատասխան ենք տալիս և հատու ենք մեր ասածի մեջ: Հայաստանի ժողովուրդը հազիվ շունչ է քաշել և ապահով է իրեն զգում ՀՀ-ում»,- նշել է նա:

 

Հարցին, թե չի՞ գտնում արդյոք, որ վարչապետի խոսույթով թիրախավորվում են արցախահայերը, Ավանեսյանը շեշտեց, որ բացարձակ չի գտնում. «Վարչապետի խոսքը սուր էր ու համապատասխան էր այն կիսատեռորիստական դրսևորումներին, որոնք վարչապետը ցույց է տվել իր տեսաուղերձում»: