Այսօր 7-րդ օրն է, ինչ մեկնարկել է խորհրդարանական ընտրութունների քարոզարշավը։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ այն անցնում է անհավասար պայմաններում. «Հավասար պայմաններ չեն, քանի որ քաղաքական ուժերից մեկի ղեկավարի նկատմամբ քրեական գործ է հարուցված, որի հիմնավորումը խիստ կասկածելի է։ Խոսքը Սամվել Կարապետյանի մասին է և նա զրկված է իր ընտրողների հետ անմիջական հանդիպումներից։ Դա էականորեն ազդում է քաղաքկան տվյալ ուժի ստանալիք հնարավոր ձայների վրա»։
Նրա խոսքով՝ իշխող քաղաքական ուժը վարչական ռեսուրս է կիրառում, մասնավորապես, հանրահավաքների բերելով պետական ապարատի աշխատողներին. «Բավականին շատ ցածր որակի քարոզարշավ է անցկացվում թե՛ իշխող քաղաքական ուժի, թե՛ մրցակիցների կողմից։ Ապագայի տեսլական, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում չկա։ Տպավորությունն այնպիսին է, ոնց որ 195 թվականի առաջին ԱԺ ընտրություններն են լինելու և նոր-նոր ընտրական տեխնոլոգիա են կիրառում։ Այսպես քարոզարշավ չեն անցկացնում։ Մի փոքր ճիշտ ուղությամբ գնում է ՔՊ-ն՝ ցույց տալով, որ խաղաղություն է լինելու, երջանիկ ապագա են ունենալու, սակայն դա չի նշանակում, որ իր քարոզարշավի որակը բարձր է։ Ինչ-որ չափով նաև ԱԺԲ-ն է լավ անցկացնում՝ փորձելով ԱՄՆ-ի հետ իր կապերը կապիտալիզացնել՝ ցույց տալով ՀՀ-ի ապագա կյանքը ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերություններով»։
Ըստ նրա ներկայացված ծրագրերն այդքան էլ կարևոր չեն, քանի որ դրանք ոչ ոք չի էլ կարդում, այլ պետք է ցույց տաս, թե քո իշխանության օրոք ինչ է լինելու. «Այ դա ցույց չեն տալիս»։
Բադալյանը շեշտում ՝ այսպիսի քարոզարշավ երբեք չի եղել. «Մի կարևոր սկզբունք կա, որով այս ընտրությունը տարբերվում է նախորդ բոլոր ընտրություններից։ Իհարկե, նախկինների ժամանակ էլ անորակություն կար, սակայն սա տարբերվում է նրանով, որ այստեղ արտաքին քաղաքական մասնակցությունը գերիշխում է։ Սա հայաստանյան ընտրություն չէ, սա աշխարհաքաղաքական ընտրություն է՝ ՀՀ տարածքում։ Դա նախկինում երբեք չի եղել։ Մի կողմից խառնված է ԵՄ-ն, Բրիտանիան, Թուրքիան՝ իրեն կցված Ադրբեջանը, Իսրայել, ԱՄՆ, մյուս կողմից՝ ՌԴ-ն, ինչ-որ չափով՝ Իրանը։ Հիմնականում ՌԴ-ի և հավաքական Արևմուտքի պայքարն է։ Ինչպես Ուկրաինայում են պայքարում , սակայն ռազմական ձևով, ՀՀ-ում պայքարում են քաղաքական ձևով։ Այ սա նախկինում չի եղել»։
Նրա վստահեցմամբ՝ ՀՀ-ում ընտրությունները քվեաթերթիկով չեն որոշվելու, որոշվելու է այդ երկու ուժերի պայքարով. «Քվեաթերթիկն ավելի շատ դիզայինի դեր է կատարում»։










