«Տավուշի ժողովրդի հետ շփվելով՝ միշտ զգացել եմ քաղցրություն։ Ձեր բարբառի նման քաղցր եք դուք։ Մեկ-մեկ լինում են թերությունները, դրանք ուղղելու համար էլ ուզում ենք փոփոխություն։ Հազարից մեկը մի քիչ թերությունով է լինում»,-ելույթ ունենալով Նիկոլ Փաշինյանի հայրենիքում՝ Իջևան քաղաքում՝ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ նարեկ Կարապետյանը։
Նա հիշեցրեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի մայրը Իջևանից է, ինչն էլ առիթ է եղել իջևանցիների հետ ավելի հաճախ շփվել։
Կարապետյանն այստեղ ներկայացրեց «Ուժեղ Հայաստան»-ի ծրագիրը, ասաց՝ Տավուշում էլ շատ աղքատ մարդիկ կան։
«Հայաստանում ամեն երրորդ մարդը, եթե շորը ճղվեց, չի կարողանա շոր գնել, ամեն հինգերորդ հայաստանցին հացի հաշվին է միայն ապրում։ Մեր երկիրը տարածաշրջանի ամենաաղքատ երկրներից է, Հայաստանից դուրս բոլորը բարգավաճում են, լավ են ապրում, Հայաստանից դուրս չկա աղքատ հայ, Հայաստանում կա, քանի որ այստեղ համակարգ չկա»,-ասաց Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով, իրենց առաջարկած ծրագրերի նպատակն է, որ Հայաստանում էլ մարդիկ բարեկեցիկ կյանքով ապրեն։
«Իջևանում հայտնի գործարաններ կային, որոնք փակվել են։ Աշխատատեղ չկա, ինչպե՞ս կարող են մարդիկ լավ ապրել։ Մի տարբերակ կա, երբ մենք այստեղ գործարաններ կառուցենք»,-ասաց Ն. Կարապետյանը։
Նա ցավով նշեց, որ Նոյեմբերյանի, Բերդի նման բնություն ունեցող, աշխատասեր բնակիչներ ունեցող համայնքներում մարդիկ լավ չեն ապրում։
«Չկա մեկը, որ վարժ է հիմնարկներ, աշխատատեղեր ստեղծելու մեջ։ Հայերի մեջ այդ մարդը մի հոգի է, որի մայրն այստեղից է։ Բախտի բերմամբ, այդ մարդը եկել է քաղաքական դաշտ, նախախնամությամբ, եկեղեցին պաշտպանելու համար։ Ամեն մարդ չի եկեղեցին պաշտպանելու համար մտնում քաղաքականություն, սա բացառիկ դեպք է։ Տղամարդավարի է պահել կալանքի ողջ ընթացքում, հայտ է ներկայացրել զբաղվել քաղաքականությամբ, քանի որ հոգնել է աղքատ երկրի քաղաքացի լինելուց»,-ասաց նա։










