Այսօր Շենգավիթում ընթացող ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ ԱԳ նախարար Միրզոյանը, չնկատելով, որ Փաշինյանի վրա միկրոֆոն կա և ուղիղ եթերում է, փորձեց ինչ-որ թեմայի(լսվում է «թուրքեր» բառը) շուրջ փսփսալ նրա ականջին։
«Մի հատ welcoming տեքստ անենք ԱԳՆ խոսնակի մակարդակով տարածենք»,- Փաշինյանին ասաց ԱԳ նախարարը։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը մեկնաբանել է դրվագը.
«Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է: Քարոզարշավին մասնակցող արտաքին գործերի նախարարը մոտենում է քարոզարշավ իրականացնող վարչապետին ու ականջին ինչ որ բան ասում, մի պահ մոռանալով, որ Նիկոլ Փաշինյանի վրա կա փակցրած խոսափող: Նիկոլ Փաշինյանն էլ փորձում է ծածկել, բայց իհարկե ոչ այնքան հաջող: Եվ լսելի է, թե ինչպես է ԱԳ նախարարն ասում ինչ որ բան կապված թուրքերի հետ: Մասնավորապես, լսվում են՝ «թուրքերն էսօր...» բառերը: Հետո նաև լսվում է, որ խոսք է գնում ԱԳՆ խոսնակի միջոցով «բարի գալուստի» ինչ որ տեքստ հրապարակելու մասին:
Իհարկե այս ամենը կարող է լինել նորմալ աշխատանքային պրակտիկա, եթե տեղի է ունենում իսկապես պետական աշխատանքային ձևաչափով, այլ ոչ թե նման «փնթիությամբ»: Կարելի է պատկերացնել, թե ինչ մակարդակով է իրականացվում արտաքին քաղաքականությունն ընդհանրապես:
Եվ ընդհանրապես, ի՞նչ կարիք կար ԱԳ նախարարին ևս ներգրավել քարոզարշավում: Հայաստանում եղել են ընտրություններ, սակայն որևէ ԱԳ նախարար չի թողել իր գործն ու մասնակցել նախընտրական քարոզչության ֆոնի ձևավորմանը»:










