Եվրոպայի տված կտերը Փաշինյանի վերարտադրվելու և Արևմտյան Ադրբեջան ձևավորելու համար են․Արման Աբովյան


Եվրոպայի տված կտերը Փաշինյանի վերարտադրվելու և Արևմտյան Ադրբեջան ձևավորելու համար են․Արման Աբովյան
Մայիս 8 19:07 2026

Հայ-ռուսական հարաբերությունները նախկինում անդունդի եզրին էին կանգնած, իսկ հիմա գլորվում են դեպի անդունդը։

 

 

«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արման Աբովյանն՝ անդրադառնալով գործող իշխանության վարած արտաքին քաղաքականության և հնարավոր տնտեսական վտանգներին: Գնահատելով ներկայիս իրավիճակը՝ Աբովյանն ասաց, որ գործող իշխանությունն իր վերարտադրվելու համար նժարին է դրել Հայաստանի Հանրապետության գոյության հարցը։ «Այս իշխանության հակառուսական, հակաչինական կամ հակաիրանական քայլերը նկատելու համար բավական է ընդամենը ծանոթանալ այն փաստաթղթին, որը ստորագրվել է Հայաստանում տեղի ունեցած եվրոպական գագաթնաժողովի շրջանակում։ Մենք կրկնում ենք նույն վրացիների, մոլդովացիների, ուկրաինացիների սխալը․ Հայաստանը չի գնում դեպի Եվրոպա: Այլ խոսք, որ Հայաստանին այդպես են ներկայացնում եվրոպացիները, բայց մի լավ արտահայտություն կա՝ ամուսնանալ և ամուսնանալու խոստում տալը տարբեր բաներ են: Մեզ խոսք են տվել, որ կամուսնանանք իրար հետ, բայց դա չի լինի շատ պարզ պատճառով: Հիշենք՝ Եվրոպական միության թերևս երկու տարի առաջ ընդունված որոշումը, համաձայն որի՝ Եվրոպայի ընդլայնումը անորոշ ժամանակով դադարեցվում է, իսկ այդ անորոշ ժամանակը կարող է լինել 50-ից 100 տարի»,- ասաց Աբովյանը: Անդրադառնալով եվրոպական երկրների ղեկավարների Հայաստան կատարած այցին և եվրոպական հեռանկարներին՝ Աբովյանն ասաց.«Իշխանությունը ոչ թե եվրոպամետ, այլ՝ թուրքամետ, ադրբեջանամետ քաղաքականություն է վարում՝ գեղեցիկ եվրոպական փաթեթավորմամբ քաղաքականություն: Հայաստանի ներկայությունը ԵԱՏՄ-ում հակասում է այն փաստաթղթին, որն այս իշխանությունը ստորագրեց եվրոպական գագաթնաժողովի շրջանակում»։ «Իշխանություն» լրատվականի հարցին, թե արդյո՞ք Եվրոպան պատրաստ է բացել իր շուկան Հայաստանի առջև, Արման Աբովյանը բացասական պատասխան տվեց։ «Եվրոպան բացո՞ւմ է Հայաստանի առջև իր շուկան։ Ո՛չ։ Ասեմ ավելին՝ եվրոպական շուկան մասնակի բաց է 2015 թվականից։ Մենք ունենք բազմաթիվ պայմանագրեր, խնդրեմ՝ ձեր ապրանքները տարեք Եվրոպայում վաճառեք։ Ինչի՞ չեն տանում. շատ պարզ պատճառով՝ բացի եվրոպական ստանդարտներից, այնտեղ գործում է քվոտավորման խստագույն համակարգ, որը ներում-բեկում չունի։ Վրացիները էդքան խելք չունեի՞ն, որ որոշեցին դիվերսիֆիկացնել իրենց քաղաքականությունը դեպի ԵԱՏՄ, կամ նույն Ուկրաինան, որին պատերազմի ընթացքում փողով ու զենքով զինում է Եվրոպան, բայց ոչ մի ուկրաինական ապրանք չի մտնում Եվրոպա»,- ասաց պատգամավորի թեկնածուն: Վերլուծելով տնտեսական հնարավոր հետևանքները՝ Արման Աբովյա եզրափակեց. «Մենք պետք է շատ հստակ և պարզ հասկանանք, որ այսպես ունենալու ենք տնտեսական կոլափս, որը կրկին այս իշխանությունները մեղսագրելու են ռուսների վրա՝ ասելով՝ տեսեք, ռուսները փակեցին սահմանը: Այն պարագայում, երբ ռուսն ասում է՝ ուզո՞ւմ ես գնաս Եվրոպա՝ գնա, ես դեմ չեմ, բայց դու չես գնա Եվրոպա իմ ռեսուրսների հաշվին»։