Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ»


Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ»
Մայիս 8 09:50 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ մայիսի 8-ին, մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։ 19 քաղաքական ուժ մասնակցելու է հունիսի 7-ին տեղի ունենալիք համապետական ընտրություններին՝ հանրությանը առաջարկելով իրենց գաղափարներն ու քաղաքական ծրագրերը։

ArmLur.am-ը ներկայացնում է, թե այսօր որ ուժը որտեղից և ինչպես է մեկնարկելու իր քարոզարշավը։

«Քաղաքացիական պայմանագիր»-ն իր քարոզարշավը սկսելու է Հանրապետության հարավից՝ Սյունիքի մարզից։

«Ուժեղ Հայաստան»-ն իր քարոզարշավն սկսելու է ՀՀ ԱԺ-ի դիմացից՝ Նարեկ Կարապետյանի ասուլիսով։

«Հայաստան» դաշինքն իր քարոզարշավը մեկնարկելու է համայն հայության հոգևոր կենտրոնից՝ Էջմիածնից։

«Միասնության թևեր»-ն սկսում է իր քարոզարշավը Իջևանի Գոշավանք վանական համալիրից։

ՀԱԿ-ից ArmLur.am-ին տեղեկացրեցին, որ, ըստ էության, արդեն սկսված է քարոզարշավը։ «ՀԱԿ-ը մայիսի 7-ին, ավելի քան երկու ժամ քննարկումից հետո, ընդունել և ապա ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը։ Մայիսի 9-ին ՀԱԿ-ի անդամներն այցելելու են «Հաղթանակ»-ի զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու հաղթանակները կերտած հերոսների հիշատակին»,- փոխանցեցին մեզ ՀԱԿ-ից։

«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ն իր քարոզարշավը մեկնարկելու է Աշտարակ խոշորացված համայնքից։

«Հանրապետություն»-ը նախ այցելելու է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր զոհվածների հիշատակին, ապա Հակոբ Պարոնյան թատրոնում հանդիպում է ունենալու Կենտրոնի բնակիչների հետ և ծաղիկներ է խոնարհելու Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունն իր քարոզարշավի մեկնարկը տալու է սահմանամերձ Ոսկեպար գյուղից։

«Բոլորին դեմ եմ»-ից մեզ տեղեկացրեցին, որ առայժմ հայտնի չէ, թե որ քաղաքից կամ մարզից են սկսելու։ «Այս ընթացքում մեր երիտասարդներն աշխատել են մարզերում, բայց դեռ որոշում չունենք։ Ամեն դեպքում մտածում ենք ոչ ստանդարտ ձևով սկսել»,- փոխանցեցին «Բոլորին դեմ եմ» քաղաքական ուժից։

ԱԺԲ-ն իր քարոզարշավի մեկնարկը տալու է ՀՀ ԱԺ-ի դիմացից՝ հանդես գալով մամուլի ասուլիսով։

ԴՕԿ-ն իր քարոզարշավն սկսելու է մայիսի 9-ին՝ այցելելով և՛ Եռաբլուր, և՛ Հաղթանակի զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակների հիշատակին և կարևորելով մայիսյան Եռատոնի գաղափարը։

«Ռեֆորմիստներ» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկելու է իր իսկ գրասենյակից՝ Երևան, Տերյան 10 հասցեից։

«Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը, կարևորելով Շուշիի ազատագրման խորհուրդը, այսօր՝ մայիսի 8-ին, այցելելու է Եռաբլուր՝ ծաղիկներ խոնարհելու նահատակների հիշատակին, ապա մայիսի 9-ին իր քարոզարշավն սկսելու է հայրաքաղաք Գյումրիից։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունն առայժմ չեն հայտնել, թե որտեղից և ինչ ձևաչափով են սկսելու իրենց քարոզարշավը։

Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններին նշված ուժերը մասնակցելու են ըստ հետևյալ քվեաթերթիկների համարների․

  1. «Ռեֆորմիստներ» կուսակցություն
  2. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն
  3. «Ուժեղ Հայաստան» դաշինք
  4. Հայաստանի շնորհապետական կուսակցություն
  5. «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն
  6. «Միասնության թևեր» կուսակցություն
  7. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
  8. «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն
  9. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն
  10. Հայ ազգային կոնգրես կուսակցություն
  11. «Հանրապետություն» կուսակցություն
  12. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն
  13. «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
  14. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
  15. «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն
  16. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
  17. «Հայաստան» կուսակցությունների դաշինք
  18. «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն
  19. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: