Չկա աշխարհում հայ, ով ավելի շատ բան է արել Հայաստանի բանակի համար, կամ նրա համար, որ պատերազմը կանգնի, վստահեցրեց վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ մամուլի ասուլիսի ընթացքում։
«Դա ամենածանր հարցն է ինձ համար, քանի որ ես չեմ կարող փակագծեր բացել, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, այդ հարցին թող պատասխանի Փաշինյանն ու 44-օրյա պատերազմի ժամանակ Պաշտպանության նախարար եղած անձը։
Այդ հարցի պատասխանը տվել է Փաշինյանի շեֆը, երբ ինձ հայտարարել է միջազգային հետախուզում։ Միջազգային հետախուզում չեն հայտարարում մարդկանց, ովքեր ոչինչ չեն արել այդ օրերին։ Նա միջազգային հետախուզում չհայտարարեց ո՛չ Փաշինյանի, ո՛չ իր խմբակի գոնե մեկ անդամի նկատմամբ»։
Նշենք, որ լրագրողը հարց էր ուղղել Կարապետյանին, թե ինչո՞ւ է նա լռել, երբ ՌԴ-ն տարիներ շարունակ Ադրբեջանին վաճառել է հարձակողական զենքեր, որոնցով սպանվել են հայեր։ Ինչպես նաև ՌԴ-ն 44-օրյա պատերազմից հետո վերցրել է գումար ու զենք չի մատակարարել Հայաստանին։
Կարապետյանը վստահեցրեց, որ երբ զենք ես գնում, ստանում ես. «Իշխանության ձախողումներին գնահատական տալը կլինի ոչ կոռեկտ»։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի կողմից պարտականությունները չկատարելու ու ՌԴ իշխանությունից իր կաշկանդվածության մասին հարցին՝ Կարապետյանը կես կատակ, կես լուրջ ասաց․ «ՀԱՊԿ-ին քֆուր տա՞մ, որ հասկանաս կաշկանդված չեմ։ Միգուցե Փաշինյանը չի էլ դիմել ՀԱՊԿ-ին, ես նստեմ բացատրեմ, թե ՀԱՊԿ-ը ինչի գործունեություն չի ծավալե՞լ»։










