Բլոգեր 222lava-ն նկարահանել է Կիրանցի դպրոցի ապաստարանն ու տարածել։ Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը դիմեց նիստին ներկա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ ուշադրություն հրավիրելով այդ փաստի վրա։
«Ինչ-որ բլոգեր հայտնվել է Կիրանցի դպրոցում, չգիտես ինչպես՝ դպրոցի բունկերում, որը պաշտպանության ենթակա օբյեկտ է։ Կարծում եմ՝ այստեղ շատ լուրջ անվտանգային գործոն կա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ այդ ամենը տիտկոտերը համեմել է խաղաղության քարոզչությամբ։
«Բայց մտնել Կիրանցի դպրոց, նկարահանել այդ սենյակները, որոնք նախատեսված են հնարավոր հարձակման ժամանակ երեխաների անվանգության համար, պարզապես անթույլատրելի է, որքան էլ ծածկված էր խաղաղության քարոզի ներքո»,- ասաց Լ. Գալստյանը։
Տեսանյութում բլոգերը մտնում է դպրոց, ապա հայտարարում՝ «դպրոցում բունկեր եմ նկարում»։ Նրան ուղեկցում են ապաստարան։
«Դպրոցիցի 20 մետր այն կողմ Ադրբեջանի սահմանն է... էս բան ա էլի, պադվալ ա... Ստեղ երեխեքը գան... պետք է պատուհան, մի բան լինի, որ տենան»,- տեսանյութում ասում է բլոգերը։










