Վեդու մանկшպղծության դեպքով չեն կատարվել մի շարք քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ․ փաստաբան


Վեդու մանկшպղծության դեպքով չեն կատարվել մի շարք քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ․ փաստաբան
Մայիս 6 18:56 2026

«Փետրվարի 12-ին և ապրիլի 22-ին հարուցված վարույթներով մինչև այժմ 3 հոգին էլ մեղադրյալի կարգավիճակ չունեն։ Նրանք բոլորը վկայի կարգավիճակում եմ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վեդիում սեռական բռնության ենթարկված դեռահաս քույրերի փաստաբան Վարդուհի Էլբակյանը՝ ներկայացնելով  Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղի ունեցած մանկապղծության դեպքի գործով մանրամասները։

Նա նշեց, որ երեխաներից 17-տարեկան աղջիկը երեկ  հարցաքննվել է և առերես պնդել է այն ամենը, ինչը տեղի էր ունեցել իր հետ, սակայն Արթուր Երեմյանը և Դավիթ Այնազյանը կրկին վկայի կարգավիճակում երեկ դուրս են եկել քննչական բաժնից։

  «Այս հանցատեսակներով մարդիկ «գուրգուրանքի» են արժանի։ Միջին ծանրության կասկածանքով անչափահասին գետնին քարշ տալով տարան, բայց էս երկուսին ամեն դեպքում գուրգուրանքով տարան բաժին ներկայացրեցին, հետո էլ գուրգուրանքով տարան, երևի թե տուն ճանապարհեցին»։

Մինչդեռ փաստաբանը պնդեց , որ այս գործով չեն  կատարվել մի շարք քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ։

«Չեն կատարվել խուզարկություններ, չեն կատարվել դեպքի վայրի զննություններ, չեն առգրավվել հեռախոսներ, որով կպարզեին, թե հեռախոսների մեջ ինչպիսի ձայնագրություններ կամ հաղորդագրություններ կան, չէ՞ որ հաղորդագրությունների մասով արդեն իսկ հաղորդում է եղել տրված, ցուցմունք է եղել տրված, չեն կատարվել դատահետաբանական փորձաքննություններ։ Ընդամենը, ըստ մեզ հասած տեղեկությունների,  Արթուր Երեմյանի մեքենան է առգրավված եղել, այն էլ նրա մասով էլ փորձաքննություն չի կատարվել։ Դավիթ Այնազյանի մեքենան չի առգրավել։ Փորձաքննություններից զատ երեխաների հետ հոգեբան չի աշխատել»,- մանրամասնեց Էլբակյանը։

Փաստաբանի խոսքով՝ այս խոցելի ընտանիքը  պետության ուշադրության կենտրոնից առհասարակ դուրս է եղել։

«Վեդու քաղաքապետարանը պետք է  հաշվառումներ կատարած լիներ և ընտանիքների վերաբերյալ ունենար համապատասխան տեղեկատվությունը։ Բազմանդամ ընտանիք է, 5 երեխա, 5-ն էլ ունեն առողջական խնդիրներ, ծնողները նույնպես  ունեն առողջական խնդիրներ։ Կարծում եմ՝ համապատասխան հաշվառումներ խնամակալության հոգաբարձության մարմինները, եթե լինեին իրենց տեղում և աշխատեին, ապա այս դեպքը չէր լինի և այս երեխաների ճակատագիրը այս աստիճանի չէր խեղվի»,- ընդգծեց Էլբակյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։