Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր վարչապետի թեկնածուի անունը չի հնչեցնում


Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր վարչապետի թեկնածուի անունը չի հնչեցնում
Մայիս 6 13:04 2026

Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր վարչապետի թեկնածուի անունը չի հնչեցնում։

Այս հարցը տալիս են և´ շարքային քաղաքացիները, և´ ԶԼՄ-ները։ Սա, անկասկած, թիվ մեկ հարցն է, որ այս պահին ամենատարբեր կողմերից տրվում է ԲՀԿ ամբողջ թիմին։ Թվում է, թե հարցը տեղին է։ Տրամաբանորեն ԲՀԿ-ն պետք է առաջադրեր վարչապետի թեկնածու։ Բայց Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ դասական տրամաբանությունը կարող է նվազ էֆեկտիվ լինել, քան ոչ ստանդարտ քայլերը։ Այս փուլում վարչապետի թեկնածու չառաջադրելը լրացուցիչ սոլիդություն և ծանրություն է հաղորդում կուսակցությանն ու Ծառուկյանին։

Եթե մի փոքր փորձենք վերլուծել վարչապետ առաջադրել-չառաջադրելու դիլեման, կհասկանանք, որ վարչապետի առաջադրումը այս փուլում ձեռնտու չէ Ծառուկյանին որպես քաղաքական գործչի, և որպես առաջիկա հնարավոր զարգացումներում ծանրակշիռ խոսքի իրական հավակնորդի։ Այս պահին անուն տալը՝ կզրկի նրան առաջիկա զարգացումներում դառնալ կարևոր գործոն։

Նախնական տվյալներով՝ընտրություններին մասնակցելու է 19 քաղաքական ուժ և նրանցից շատերը, կարելի է ասել՝ մեծամասնությունը, առաջադրել է վարչապետության սեփական թեկնածուին։

Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունը Մարությանին է առաջադրել, «Միասնության թևեր»-ը՝ Արման Թաթոյանին, «ՀԱԿ»-ը՝ Լևոն Զուրաբյանին, «Հանրապետություն» կուսկացությունը՝ Արամ Սարգսյանին և այսպես շարունակ։ Սակայն, վերը նշված ուժերի վարկանիշը ըստ վերջին հարցումների տատանվում է 0․25%-ից 4% միջակայքում։ Այսինքն, լավագույն պարագայում որոշ ուժեր կարող են դժվարությամբ հաղթահարել անցողիկ շեմը, և վարչապետի թեկնածուներ առաջադրելու այս շքերթը, քաղաքական գործընթացը և քարոզարշավը սրանով անլրջանում է։ Գագիկ Ծառուկյանն այս ընտրություններում կատարում է կարևոր գործառույթներ։

ԲՀԿ-ն փորձելու է առավելագույն ձայներ բերել Հայաստանի բոլոր բնակավայրերից, այն սոցիալական խավերից, որոնց նկատմամբ հասանելիություն չունեն հիմնական այլ ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը։ Բերել մեծ թվով քվեներ տարբեր բնակավայրերից և ծառայացնել այդ քվեները նոր իշխանության ձևավորման գործին․ հենց այս կրիտիկական կարևորության գործառույթն է կատարում ԲՀԿ-ն Ծառուկյանի առաջնորդությամբ և առանց այս աշխատանքի հնարավոր չէ կրկնել ոչ «Գյումրի 2» սցենարը, ոչ այլ՝ բոլոր այս պահին դժվար հաշվարկելի սցենարների դեպքում։

Կարճ ասած՝ չշտապելով թեկնածուի անուն ասել, Ծառուկյանը քաղաքական ուժերին և հանրությանը ուղերձ է հղում, որ ճիշտ պահին ճիշտ լուծումները կգտնվեն։