Աջակցու՞մ եք վարչապետին այստեղ՝ Երևանում, ընտրություններից մեկ ամիս առաջ, դա միջամտություն չէ՞. հարց՝ Մակրոնին (Տեսանյութ)


Աջակցու՞մ եք վարչապետին այստեղ՝ Երևանում, ընտրություններից մեկ ամիս առաջ, դա միջամտություն չէ՞. հարց՝ Մակրոնին (Տեսանյութ)
Մայիս 5 16:22 2026

Փաստաթղթերի ստորագումից և Փաշինյան-Մակրոն համատեղ հայտարարությունից հետո, ֆրանսիացի լրագրողը հարց ուղղեց նախագահ Էմանուել Մակրոնին՝ կապված նրա հնչեցրած հայտարարության հետ. «Խոսեցիք Հայաստանում անցկացվելիք ընտրություններում ռուսական միջամտության մասին, Դուք աջակցու՞մ եք վարչապետին այստեղ՝ Երևանում, ընտրություններից մեկ ամիս առաջ, Ձեր այդ աջակցությունը միջամտություն չէ՞»։

Մակրոնը պատասխանեց, որ ստանձնում է այս աջակցությունն այն գործընկերոջ (խմբ.,-Փաշինյանի) հանդեպ, ում վստահում է արդեն 8 տարի։

«Բայց դա նույնը չէ, ինչ այդ տեղեկատվական մանիպուլյացիան՝ փորձելով ապակայունացնել իրավական պետությունը։ Տարբերությունը սրանում է։ Բոլոր հարաբերությունները բացահայտ ներկայացված են։ Եվ հակառակ դրան՝ կան այլ միջամտություններ՝ օտարերկրյա գործակալների միջոցով Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը։ Ես չեմ կեղծում»,-ասաց Ֆրանսիայի առաջնորդը։

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր՝ «Եկել է Հայաստանի պահը՝ ապացուցելու, որ ձեր ընտրած խաղաղությունն իրական է, իսկ բարգավաճումը՝ հնարավոր՝ առանց կայսրությունների միջամտության»։