«Իմացել եմ, որ Եղիշե Հակոբյանը թմրանյութ է օգտագործում, բայց միշտ իրեն խնդրանքով, հորդորով դիմել եմ՝ ախպերական, ծառայության ժամանակ չանես նման բան»,- Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստում ասաց մեղադրյալ Տիգրան Ղազարյանը՝ խոսելով գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի մասին
Տիգրան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներական ծառայության պետի պաշտոնը, պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման նյութական ապահովման համար, պարտավոր լինելով հսկողություն սահմանել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, հետևել հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը չի կատարել իր պարտականությունները: Իր պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացել է մահ։ Եղիշե Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներական ծառայության սպայի պաշտոնը, խախտել է ավտոբենզինի հետ վարվելու կանոնը, որի արդյունքում կացարանում հրդեհ է բռնկվել, մահացել է 15 զինծառայող։
Տ. Ղազարյանը հորդորով դիմեց Եղիշե Հակոբյանին. «Այժմ արդեն լիարժեք համոզված եմ, որ բնազդաբար ես փախել, քանի որ իրականում այդ պահին ունակ չես եղել մտածելու, ծանրութեթև անելու, անհրաժեշտ որոշումներ կայացնելու համար։ Հասկանում եմ՝ ճիշտը չես ասում առաջին հերթին մեծ ամոթ ապրելու, դրսևորած քո վարքագծի ու հոգեվիճակի, այդ թվում ունեցած իրավիճակի մեղքի բաժինը թաքցնելու համար»։
Դատարանում իրավիճակը լարվեց, դատավորը նախագուշացում հայտարարեց։
Տ. Ղազարյանը շարունակեց. «Քո նման պահվածքով փորձում ես մոլորության, շփոթության մեջ գցել ողբեգական դեպքի ողջ հանգամանքները բացահայտման շահագրգիռ անձանց, այդ թվում տղերքի ծնողներին։
Եթե, ինչպես դու ես նշում, որ կրակի բռնկումից հետո չես փախել, մնացել ես տեղում, ավելին՝ Լևոն Խառատյանի հետ միասին մոտ 10-12 րոպե անընդատ փորձել եք մարել կրակը, արդունքի չեք հասել ու դուրս եք եկել, ուրեմն ավելի վատ ձեզ համար, անուղղակի ընդունում ես, որ տղերքին թողել եք վտանգի մեջ անօգնական ու դուրս փախել։
Ինչքան էլ մոգոնեք, որ վառարանի սենյակից իբր ձայն եք տվել, միևնույնն է՝ այդ փոքր սենյակից տղերքին արթնացնելու ու տարհանելու համար անձամբ ննջասենյակ մուտք չգործելը ձեր պատճառաբանություններն արդարացում և բացատրություն չունեն։ Եթե շարունակեք պնդել ու ճիշտը չասել, ստացվում է՝ երկուսդ գիտակցված թողել եք տղերքին, որ վառվեն ու կրակի բաժին դառնան»:
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հարց տվեց Տ. Ղազարյանին. «Այդ կացարանում հակահրդեհային համակարգի պատասխանուն ո՞վ է եղել»։
«Համենայնդպես, ես չեմ եղել»,- արձագանքեց Ղազարյանը։










