Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մոլորեցնում է հասարակությանը և միջազգային հանրությանը՝ տարածելով ադրբեջանական այն թեզը, համաձայն որի՝ Սահմանադրության նախաբանը պարունակում է տարածքային պահանջներ՝ նկատի ունենալով Անկախության հռչակագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումը։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Եվ այսպես․ Սահմանադրության նախաբանը հղում է անում ոչ թե Անկախության հռչակագրին, այլ Հռչակագրում հաստատագրված հիմնարար սկզբունքներին և նպատակներին։
«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳՐՈՒՄ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ և ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։
Իսկ Անկախության հռչակագրի սկզբունքներում ու նպատակներում որևէ բառ չկա Արցախի մասին։
Նիկոլ Փաշինյանին և Արդարադատության նախարարին առաջարկում եմ հստակ ներկայացնել, թե ինչպե՞ս է Սահմանադրության նախաբանը պարունակում Արցախի վերաբերյալ հղում»,-գրել է նա։










