ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի մեկնաբանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու վերաբերյալ դրույթը։
«Դատախազությունը քրեական վարույթից դուրս գնահատականներ չի տալիս»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Նա ասաց, թե դատախազությունը գնահատական տալիս է մի փաստաթղթի մեջ, որը կոչվում է քրեական հետապնդման հարուցում, դրանից հետո էլ տալիս է հաստատված մեղադրական եզրակացությամբ։
«Դրանից հետո գործը գնում է հրապարակային դատաքննության, և մեր բոլոր փաստարկները հրապարակային դատաքննությամբ ներկայացվում են, քննարկվում են, դատարանի կողմից որոշումներ են կայացվում»,- ընդգծեց Վարդապետյանը։
Նա ասաց, թե քաղաքականությամբ չի զբաղվում, ըստ այդմ՝ քաղաքական հայտարարություններին չի անդրադառնում։
Անդրադառնալով հոգևորականների նկատմամբ հարուցված վարույթներին՝ Վարդապետյանն ասաց, որ նպատակադրված են այդ վարույթներն ավարտել հնարավոր սեղմ ժամկետներում։
«Որ մեկնաբանություններ չլինեն, թե ձգձգում են, արհեստական օրակարգեր են առաջ տանում, ընդհակառակը, ամեն ինչ արվում է, որ վայրկյան առաջ ձեռք բերվեն անհրաժեշտ ապացույցները և որոշում կայացվի՝ արդյոք գործը ենթակա՞ է դատարան ուղարկվելու, թե՞ ոչ»,- ընդգծեց Գլխավոր դատախազը։










