Նազելի Բաղդասարյանը հերքել է տեղեկությունը, որ սահմանազատման ընթացքում ՀՀ-ն փոխանցելու է Ալավերդիի Ջիլիզա գյուղը


Նազելի Բաղդասարյանը հերքել է տեղեկությունը, որ սահմանազատման ընթացքում ՀՀ-ն փոխանցելու է Ալավերդիի Ջիլիզա գյուղը
Ապրիլ 28 13:09 2026

 Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը։

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը՝ ի բնե։

Հետևաբար, ինչպես նախորդիվ, այդպես էլ  այս և հետայսու նման բովանդակություն ունեցող ցանկացած հրապարակում հերքել ենք, հերքում ենք և կհերքենք՝ դրանց մտացածին լինելու պատճառով»,- ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակը:

 Նշենք՝ երեկ ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մենք օրակարգում ունենք նաև Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփման օրակարգը և վրաց գործընկերների հետ այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք։