Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում գահը կա, սակայն իշխանությունները խոչընդոտում են նրան, ով պետք է նստի այդ գահին


Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում գահը կա, սակայն իշխանությունները խոչընդոտում են նրան, ով պետք է նստի այդ գահին
Ապրիլ 27 16:34 2026

Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն՝ Արագածոտնի թեմի Բյուրական բնակավայրում գտնվող և հավատացյալ ժողովրդի կողմից խորապես սիրված սրբավայրին, մեծանուն բարերար Խորեն Ավագի Արոնյանի կողմից նվիրվել է ընկուզենու փայտից պատրաստված, քանդակազարդ գահ։

Եկեղեցուց հայտնել են՝ գահի առկայությունն այս սրբավայրում հրատապ անհրաժեշտություն էր։

«Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչը, լինելով Արևելյան Հայաստանում Սուրբ Հովհաննես Մկրտչի անվանը նվիրված խոշորագույն սրբավայրերից մեկը և միաժամանակ կաթողիկոսական ամառային նստավայր (այսօր ևս Բյուրականում է գտնվում կաթողիկոսական ամառանոցը), հաճախ այցելվում էր Մկրտիչ Սրբազանի կողմից։ Սակայն պատշաճ գահի բացակայությունը որոշակի անհարմարություններ էր ստեղծում Սրբազան Հոր համար։

Այսօր, երբ եկեղեցին արդեն ունի արժանավայել գահ, թվում է՝ ուրախությունը պիտի լիակատար լիներ։ Սակայն, ցավոք, մեր ուրախությունը թերի է։ Ներկայիս իրավական համակարգը խոչընդոտում է թեմի բնականոն գործունեությանը։ Ոչ միայն թեմապատկան մի շարք սրբավայրեր զավթված են կարգալույծ նախկին հոգևորականների կողմից՝ վերջիններիս հովանավորչությամբ զբաղվող ոստիկանական ուժերի աջակցությամբ, այլև Սրբազան Հոր համար արգելված է այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարան, թեմապատկան եկեղեցիներ և հանդիպել հոգևոր դասի ներկայացուցիչների հետ։

Ստացվում է մի ցավալի հակասություն․ գահը կա, սակայն իշխանությունները խոչընդոտում են նրան, ով պետք է նստի այդ գահին։ Արդյունքում, Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կանգնած է բարերարի նվիրած գահը, բայց նրա բնական և խորհրդանշական նշանակությունը մնում է կիսատ՝ պայմանավորված ստեղծված իրավիճակով»,- նշվում է հաղորդագրությունում։